Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը։ Ֆեյսբուքի իր էջում համապատասխան գրառում է կատարել պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հունվարի 11-ին ադրբեջանական կողմից դիվերսիոն փորձ էր իրականացվել Տավուշի ուղղությամբ։ Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էր։ Հայկական կողմից զոհվել էր 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը։ Հակառակորդի դիվերսանտներից մեկի դիակը գտնվում էր միջդիրքային տարածքում։
«Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը։ Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին։ ՀՀ ԶՈւ երի ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»,- հունվարի 12-ին գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ակնարկ
Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տարեսկզբից լարվածություն է տիրում: Հունվարի 2-ին լույս 3-ի գիշերը հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ իրականացվել էին դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի զինծառայողների գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը նույնպես տվել էր կորուստներ. զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը զոհվել էին, զինծառայող Վոլոդյա Հարությունյանը վիրավորում էր ստացել:
Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի խախտումները չեզոքացնելու արդյունքում սպանվել է ադրբեջանցի երեք զինվորական։ Հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին հայկական կողմից երկու ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը չէր հերքել կամ հաստատել այդ լուրը։
Վերջին օրերին լարված վիճակ էր ստեղծվել նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ և Բերդ-Թովուզ հատվածներում: Հունվարի 6-ին օրվա ընթացքում հակառակորդի դիրքերից՝ Ալիբեյլի և Քեմեռլի գյուղերի ռազմական դիրքերից, կրակահերթեր են եղել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր և Դովեղ գյուղերի ուղղությամբ: Հունվարի 7-ի կեսօրին արբեջանցիները ԴՇԿ տեսակի զենքով կրակել էին Բարեկամավան գյուղի տների ուղղությամբ: