Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել

$
0
0

Seyran Ohanyan milՀունվարի 8-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` խորհրդակցությանը մասնակցել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հաշվետու զեկույց է ներկայացրել Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին գրանցված միջադեպերի, հակառակորդի սանձազերծած սադրիչ գործողությունների և դրանց ի պատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

«Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքները, քննարկվել են ձմեռային ուսումնական փուլի, ինչպես նաև զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման միջոցառումներին:

Հաշվի առնելով եղանակային պայմանների վատթարացումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմանների ապահովման, անձնակազմի հիվանդացության և ցրտահարության դեպքերի բացառման, զինվորների` հատկապես նորակոչիկների առողջական գանգատներին լրջորեն արձագանքելու վրա: Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տարեսկզբից լարվածություն է տիրում: Հունվարի 2-ին լույս 3-ի գիշերը հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ իրականացվել էին դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի զինծառայողների գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը նույնպես տվել էր կորուստներ. զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը զոհվել էին, զինծառայող Վոլոդյա Հարությունյանը վիրավորում էր ստացել:

Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի խախտումները չեզոքացնելու արդյունքում սպանվել է ադրբեջանցի երեք զինվորական։ Հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին հայկական կողմից երկու ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը չէր հերքել կամ հաստատել այդ լուրը։

Հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց:

Վերջին օրերին լարված վիճակ էր ստեղծվել նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ և Բերդ-Թովուզ հատվածներում: Հունվարի 6-ին օրվա ընթացքում հակառակորդի դիրքերից՝ Ալիբեյլի և Քեմեռլի գյուղերի ռազմական դիրքերից, կրակահերթեր են եղել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր և Դովեղ գյուղերի ուղղությամբ: Հունվարի 7-ի կեսօրին արբեջանցիները ԴՇԿ տեսակի զենքով կրակել էին Բարեկամավան գյուղի տների ուղղությամբ:


Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles