Թուրքիայի Հանրապետություն պետական այցի նախաշեմին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել Anadolu թուրքական պետական գործակալությանն ու անդրադարձել երկու երկրների միջև հարաբերությունների մի շարք օրակարգային հարցերի: Հարցազրույցը կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:
- Ռուսաստան-Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի ընթացքում քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում ի՞նչ կոնկրետ խնդիրներ եք առաջ քաշելու: Ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ չնայած տարածաշրջանային որոշ հարցերում տարաձայնություններին՝ երկկողմ հարաբերությունները շարունակում են ջերմ մնալ:
Առաջիկա այցը կարևոր փուլ է մեր պետությունների միջև հարաբերությունների խթանման առումով:
Թուրքիան եղել և մնում է Ռուսաստանի կարևոր արտաքին առևտրային գործընկերը:
2013թ. մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 32,7 մլրդ դոլար: Թուրքիայում ռուսական ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 1,7 մլրդ դոլարը, իսկ Ռուսաստանում թուրքական ներդրումների ծավալը մոտենում է մեկ մլրդ-ին, և մեր ընդհանուր շահերից է բխում այդ միտման ամրապնդումը:
Վերջին տասնամյակներին Թուրքիան հանդիսանում է ռուս զբոսաշրջիկների ամենաշատ նախընտրած ուղղություններից, ինչին նպաստում է կարճաժամկետ այցերի անայցագիր ռեժիմը:
Բնական է, որ մեր դիրքերը ինչ-որ հարցերի շուրջ կարող են չհամընկնել կամ տարբեր լինել. դա բնական է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարող պետությունների համար: Դրա հետ մեկտեղ ամենակարևորն այն է, որ կա փոխշահավետ երկխոսությունը շարունակելու ընդհանուր ձգտում:
– Թուրքիան նախապատրաստվում է ձմեռային շրջանում բնական գազի սպառմանը: Ի՞նչ պլաններ ունեք Թուրքիա մատակարարվող գազի ծավալների ավելացման և գների վերանայման առումով: Որքա՞ն են ընդարձակ էներգետիկայի և խաղաղ ատոմի զարգացման ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության Ռուսաստանի պլանները:
– Վերջին տասնամյակներին էներգետիկան մեր առևտրատնտեսական համագործակցության շարժիչ ուժն է: Թուրքիան ռուսական բնական գազի երկրորդ խոշորագույն գնորդն է (Գերմանիայից հետո). գազը մատակարարվում է «Արևմտյան միջանցքով»՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով, ինչպես նաև Երկնագույն հոսքով:
Լավ ենք հասկանում, թե որքան են կարևոր ռուսական էներգակիրները Թուրքիայի տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման տեսանկյունից, հետևաբար միշտ դրական ենք արձագանքում գազի արտահանման վերաբերյալ դիմումներին:
Ինչ վերաբերում է լրացուցիչ ծավալների արժեքի որոշմանը՝ այդ հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն, այդ թվում՝ թուրքական գազային շուկայի իրողությունները հաշվի առնելով:
– Երկու երկրների միջև առևտրաշրջանառության խթանման ի՞նչ հնարավորություններ է տեսնում Ռուսաստանը, ի՞նչ ցուցանիշների է հնարավոր հասնել:
Բարձր ենք գնահատում Թուրքիայի՝ որոշումներ կայացնելու հարցում ինքնուրույնությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության առումով: Թուրք գործընկերները չզոհաբերեցին իրենց շահերը հանուն ինչ-որ մեկի քաղաքական հավակնությունների: Կարծում եմ, որ դա իսկապես մտածված և հեռատես հաշվարկ է:
Ձեր կառավարության դիրքորոշումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ առևտրաշրջանառության ավելացման համար, նախևառաջ՝ ռուսական հսկայական մթերային շուկայում ազատված տեղը թուրքական գյուղատնտեսական ապրանքներով լցնելու համար:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արդեն խոսել ենք այն մասին, որ հեռանկարում հնարավոր է մեր առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի: