Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում ընթանում է երկու ակցիա` ընդդիմության «խաղաղության երթը» և Սերգեյ Կուրղինյանի «Ժամանակի էություն» իշխանամետ շարժման «կարմիր երթը» [մասնակիցներին բաժանել են կարմիր թիկնոցներ], հաղորդում է «Դոժդ» հեռուստալիքը: «Ի սատարում Ղրիմի և ընդդեմ ֆաշիզմի» անվանումը կրող երթին մասնակցում է 15 հազ. մարդ: Ըստ «Դոժդ» հեռուստալիքի թղթակցի՝ «կարմիր երթին» 3-5 հազ. մարդ է մասնակցում: «Ընդդեմ Ղրիմի Ռուսաստանին միացման» երթին մոտ 3 հազ. մարդ է հավաքվել, սակայն մասնակիցներն իրենց հերթին հայտնում են 10-15 հազ.-ի հասնող թվաքանակի մասին: Վերջինիս մասնակցում է նաև անվանի երաժիշտ Անդրեյ Մակարևիչը: Միջոցառումներին հետևում է ՌԴ-ի ՆԳՆ-ն, որն էլ ներկայացրել է տվյալներ մասնակիցների թվի մասին: «Ինտերֆաքսը», հղում անելով ՆԳՆ-ին, հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքականությանը դեմ հանդես եկող երթի մասնակիցներից մի քանիսին ձերբակալել են: Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։ Պուտինը հայտարարում է, որ Ուկրաինայում զորքեր օգտագործելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Նա նաև հերքում է լուրերը, թե ռուսական զորքերն արդեն մտցվել են Ուկրաինա։ Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանի նախագահին մեղադրում է Ղրիմում դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ նշելով, որ թեև Պուտինը հերքում է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գտնվելու փաստը, բազմաթիվ տեսագրություններ հակառակն են հաստատում։ Մարտի 16-ին Ղրիմում նշանակված է հանրաքվե ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ։ Հանրաքվեի է դրվելու երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։ Կիևում և Արևմուտքում հանրաքվեն անօրինական են համարում։
↧