Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Տիգրան Սարգսյանն ու Մաքսիմ Սոկոլովը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: «Ձեր այցը միշտ նոր ազդակ է հաղորդում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի բոլոր հարցերին և լավ հնարավորություն է դրանց մշակման ու իրագործման ընթացքը քննարկելու համար», – ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը: Մաքսիմ Սոկոլովը տեղեկացրել է, որ Երևանում մասնակցել է մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության հայ-ռուսական գործարանի բացմանը, և դա վկայում է երկկողմ տնտեսական հարաբերությունների ու ներդրումային համագործակցության զարգացման մասին: «Հայաստանում Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը կազմում է հանրապետությունում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը: Եվս $50 մլն լրացուցիչ ներդրում կարվի հայ-ռուսական համատեղ 1820 ձեռնարկությունում: Ուրախ եմ, որ մեր երկխոսությունն այսքան դինամիկ է զարգանում, առավել ևս Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց առաջ: Դա կարևոր է և´ Հայաստանի, և´ Ռուսաստանի, և´ միության բոլոր անդամ երկրների համար», – ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը: Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են ՀՀ վարչապետի՝ ՌԴ վարչապետի հետ փետրվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Մասնավորապես, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է 97 միջոցառում, և աշխատանքային խմբերի մակարդակով փոխհամաձայնություն է ձեռք բերվել կոնցեպտուալ բոլոր հարցերում: Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ, միգրացիոն, ներդրումային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններին, քննարկել և համաձայնեցրել դրանց իրականացման հետագա քայլերը:
↧