Ուկրաինայի Գերագույն ռադան արտահերթ կարգով դադարեցրել է Ղրիմի Գերագույն խորհրդարանի լիազորությունները, հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 296 գրանցված պատգամավորից 278-ը: Որոշումը գրանցել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը: Մարտի 14-ին Տուրչինովի հրամանագրով չեղյալ հայտարարվեց մարտի 11-ին Ղրիմի Գերագույն ռադայի կողմից ընդունված «Ղրիմի Ինքնավար Հանրապետության ու Սևաստոպոլ քաղաքի անկախության հռչակագիրը», ինչպես նաև ոչ սահմանադրական ճանաչվեց մարտի 16-ին Ղրիմում նախանշված հանրաքվեն: Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ հանրաքվեի անցկացման մասին հրամանագիրը կորցնում է իր ուժը Սահմանադրական դատարանի կողմից վերոնշշյալ որոշումը ընդունելու օրվանից: Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։ Պուտինը հայտարարում է, որ Ուկրաինայում զորքեր օգտագործելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Նա նաև հերքում է լուրերը, թե ռուսական զորքերն արդեն մտցվել են Ուկրաինա։ Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանի նախագահին մեղադրում է Ղրիմում դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ նշելով, որ թեև Պուտինը հերքում է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գտնվելու փաստը, բազմաթիվ տեսագրություններ հակառակն են հաստատում։ Մարտի 16-ին Ղրիմում նշանակված է հանրաքվե ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ։ Հանրաքվեի է դրվելու երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։ Կիևում և Արևմուտքում հանրաքվեն անօրինական են համարում։
↧