Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ Բեբլաուին պետական հեռուստատեսության եթերում անսպասելիորեն հայտարարել է, որ ինքը և նախարարների ամբողջ կաբինետը հրաժարական են տալիս։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ այսպիսի որոշման պատճառները չեն հայտարարվում։ Եգիպտոսը մինչ այդ համակել է գործադուլների ալիքը։ Գործադուլ են անում նաև պետական ծառայողներն ու աղբահավաքները։ Ինչպես գրում է պետական «Ալ Ահրամ» պարբերականը, Բեբլաուին իր պաշտոնին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի նշանակվի նրա իրավահաջորդը։ Հազեմ Բեբլաուին Եգիպտոսի ժամանակավոր վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2013թ․ հուլիսին այն բանից հետո, երբ բանակը իշխանությունից հեռացրել էր նախագահ Մուհամադ Մուրսիին։ Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Բեբլաուին խոստովանել է, որ երկրում խիստ ավելացել են գործադուլները, սակայն հավելել է, որ աշխարհում ոչ մի կառավարություն չէր կարողանա բավարարել ժողովրդի բոլոր պահանջները այդչափ կարճ ժամանակահատվածում։ Նրա խոսքով՝ նոր կառավարության գլխավոր խնդիր պետք է դառնա երկիրը «նեղ թունելից» հանելը, որում Եգիպտոսը հայտնվել է քաղաքական խնդիրների, ինչպես նաև տնտեսական անկայունության պատճառով։ «Ալ Ահրամ» պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Եգիպտոսի նոր վարչապետ է դառնալու բնակարանաշինության ներկա նախարար Իբրահիմ Միհլիբը։ Նախարարների կաբինետի հրաժարականի մասին որոշումն ընդունվել է խորհրդակցությունից հետո, որին ներկա է զինված ուժերի գլխավոր հրամանատար և պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթահ Սիսին։ Ակնկալվում է, որ առաջիկայում Սիսին կհայտարարի երկու պաշտոններն էլ լքելու և նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Համաձայն Եգիպտոսին նոր Սահմանադրության, որը հավանություն է ստացել 2014թ․ հունվարին, ընտրությունները պետք է տեղի ունենան ապրիլի կեսերին։ Փորձագետները նախապատվություն են տալիս Սիսիին, քանի որ նա ունի զգալի հեղինակություն, բացի այդ՝ նա չունի իրական մրցակիցներ։
↧