Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Գնաճն ավելի է կարևորվել, քան տնտեսական աճը

$
0
0
Հայաստանում 2013թ. տնտեսական աճը կլինի 3,5%-ի շրջանակում՝ նախագահի կողմից նախանշված 7%-ի և պետբյուջեի հիմքում դրված 6,2%-ի փոխարեն։ Կառավարությունը փաստացի չի կատարել նաև ՀՆԱ աճի ճշգրտված ցուցանիշը՝ 4,1%-ը։ 2013թ. արձանագրված ամենակարևոր արդյունքները պետբյուջեի փոքր դեֆիցիտն է, պահուստները, որոնք տեղափոխվել են 2014թ., ինչպես նաև արտաքին վճարահաշվարկային դեֆիցիտի կրճատումը՝ մինչև ՀՆԱ-ի 8,5-9%։ Այս մասին հունվարի 29-ին կայացած ասուլիսին ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու է կառավարությունը թերակատարում բյուջեի ծախսային մասը և չի ապահովում պետբյուջեի մոտ 120 մլրդ դրամ դեֆիցիտի ցուցանիշը։ Նախարարի խոսքով՝ 2013թ. բյուջեի արդյունքները դեռևս ամփոփված չեն, բայց նախնական գնահատականներով պետբյուջեի դեֆիցիտը կգտնվի ՀՆԱ-ի 1,6-1,8%-ի շրջանակում։ Նշենք, որ անցած տարվա համար այս ցուցանիշը ծրագրվել է ՀՆԱ-ի 2,64% կամ գումարային արտահայտությամբ՝ 120 մլրդ դրամ մակարդակում։ Ստացվում է, որ նախնական գնահատականներով ծավալային արտահայտությամբ բյուջեի դեֆիցիտը կկազմի 67-75 մլրդ դրամ կամ շեղումը ծրագրային ցուցանիշից կկազմի 37-45%։ Շեղումը պայմանավորված է հիմնականում բյուջեի ծախսային մասի թերակատարմամբ, այն դեպքում, երբ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ բյուջեն ունեցել է 997,2 մլրդ դրամի հարկային մուտքեր՝ ծրագրված 993 մլրդ-ի փոխարեն: Անցած տարի 2012թ. նույն ցուցանիշը գերազանցվել է 122 մլրդ դրամով կամ 14%-ով։ ՍիվիլՆեթի հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը չի կատարել բյուջեի ծախսային մասը և դրանով իսկ չի ապահովել նախագահի կողմից նախանշված 7% տնտեսական աճի ցուցանիշը (ըստ կառավարության հաշվարկների՝ ՀՆԱ-ի 1%-ի չափով բյուջետային ծախսերը տնտեսական աճի տեմպը խթանում են շուրջ 1,5 տոկոսային կետով), Սարգսյանը ասաց, որ տնտեսությունում ամեն ինչ նույնքան ճշգրիտ չի աշխատում։ «Տնտեսական աճի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, բայց արդեն հրապարակվել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը 2013թ. կազմել է 3,5%, և մասնագետների գնահատականներով՝ ՀՆԱ-ի աճը նույնպես կլինի այդ ցուցանիշի շրջանակներում»,- ասաց Սարգսյանը։ Ըստ նրա՝ հարկաբյուջետային ավելի ընդլայնողական քաղաքականությունը, իհարկե, ազդում է տնտեսական աճի վրա, բայց պետք է հաշվի առնել, թե ինչ գնով։ Բյուջեից ծախսերի ավելացումը բերելու էր տնտեսական աճի, սակայն ի հայտ էին գալու բացասական այլ երևույթներ։ «Օրինակ՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների շեշտակի աճը տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն է թողել 1-1,3 տոկոսային կետով»,- նշեց նախարարը։ Ըստ նրա՝ ավելի ցածր դեֆիցիտը նշանակում է վարկային միջոցների ավելի քիչ օգտագործում։ Անցած տարի թերակատարվել է մեկ-երկու վարկային ծրագիր՝ ավելի քիչ գումար է ծախսվել, քան նախատեսված էր։ Խոսքը Հյուսիս-Հարավ վարկային ծրագրով նախատեսված աշխատանքների մասին է։ «Քանի որ նման լայնամասշտաբ ծրագիր, թե՛ ծավալների, թե՛ որակի առումով, Հայաստանում նախկինում չի իրականացվել, մեծ նշանակություն ենք տվել որակին։ Եթե դա չանեինք, հնարավոր է ավելի շատ միջոցներ ծախսեինք»,- ասաց նախարարը։ Ուշագրավ է, որ նախարարի կարծիքով, եթե բյուջեի ծախսային մասը կատարվեր, ապա էներգակիրների գների աճով պայմանավորված գնաճային շոկի պայմաններում Հայաստանում գնաճը արձանագրված 5,6%-ից կլիներ ավելի բարձր։ Նշենք, սակայն, որ գնաճի ավելի բարձր ցուցանիշը քիչ իրատեսական է, քանի որ 2013թ. տեղի է ունեցել գնողունակության նվազում՝ 5,6% գնաճի պայմաններում միջին աշխատավարձերը աճել են 4,8%-ով, ընդ որում պետական համակարգում աշխատավարձերի աճը կազմել է 3,4%։ Փաստացի, կառավարությունը թերակատարելով բյուջեն, նախապատվությունը տվել է գնաճին և ոչ թե բնակչության գնողունակության ավելացմանը։ Չի բացառվում, որ զբաղվածության և գնաճի մեջ ուղղակի կապի առկայության պայմաններում կառավարությունը, կարևորելով գնաճը, նպաստել է Հայաստանում գործազրկության ավելացմանը։ Ըստ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպություն ՝ 2013թ. Հայաստանում գործազրկության մակարդակը ավելացել է 1,34 տոկոսային կետով՝ կազմելով 18,63%։

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles