Կառավարությունը շարունակում է թերակատարել պետբյուջեի ծախսային մասը. արդյունքում բյուջեն անցյալ տարվա հունվար-նոյեմբերին կատարվել է շուրջ 66,7 մլրդ դրամ հավելուրդով (առանց արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերը հաշվի առնելու)՝ տարեկան ծրագրով նախատեսված 11 մլրդ դրամի դիմաց։ Ֆինանսների նախարարության «Պետական բյուջեի կատարման (հունվար-նոյեմբեր) հաշվետվության» համաձայն, 2013թ. տասնմեկ ամիսներին պետբյուջեի եկամուտները կազմել են 967,7 մլրդ դրամ, ծախսերը՝ շուրջ 901,1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 89,9%-ով և 84,6%-ով ապահովել են կառավարության տարեկան ծրագրի կատարումը։ Ըստ ֆիննախի՝ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում. այն կազմել է 15,1% (126,7 մլրդ դրամ)՝ նախորդ տարվա 10,8%-ի (82,3 մլրդ դրամի) դիմաց, և հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին։ Պետբյուջեի եկամուտների 94,4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5%-ը՝ այլ եկամուտների, 0,6%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին։ Հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե են մուտքագրվել 914,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 89,8%-ը: 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 15,4%-ով կամ 122 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել ավելացված արժեքի հարկի աճով և 2013-ից միասնական՝ եկամտային հարկի ներդրումով, որի գծով հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե է մուտքագրվել 224,9 մլրդ դրամ: 2013թ. տասնմեկ ամիսներին պետբյուջեի ընթացիկ ծախսերը կազմել են 835 մլրդ դրամ՝ 86,4%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 9,3%-ով կամ 71,3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 86,2 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է տարեկան ծրագրի 83,9%-ը։ Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով հատկացվել է 185,9 մլրդ դրամ (տարեկան ծրագրի 83,4%-ը)։ Պետական պարտքի սպասարկմանը ուղղվել է 44,4 մլրդ դրամ՝ կազմելով տարեկան ծրագրի 86,3%-ը։ Այս գումարից 29,3 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 15,1 մլրդ դրամ՝ արտաքին պարտքի սպասարկմանը: Անցած տարվա տասնմեկ ամիսներին պետական բյուջեն կատարվել է 66,7 մլրդ դրամ հավելուրդով (առանց արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերը հաշվի առնելու)՝ տարեկան ծրագրով նախատեսված 11 մլրդի դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 77 մլրդ դրամով՝ տարեկան ծրագրով նախատեսված 33 մլրդ դրամի փոխարեն:
↧