Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը դուրս է մնացել կառավարության գերակայությունների ցանկից. գործադրի ոչ միայն այս, այլև մյուս էներգետիկ նախագծերն են մնում թղթի վրա՝ տարեկան մի ծրագրից տեղափոխվելով մյուսը։ Կառավարության կողմից հունվարի 9-ին հաստատված «Հայաստանի կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները» փաստաթղթում որևէ խոսք չկա Մեծամորի ատոմակայանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման մասին։ Ըստ փաստաթղթի՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014թ. գերակա խնդիրներից է լինելու Իրան-Հայաստան, ինչպես նաև Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքներ իրականացումը։ Ուշագրավ է, որ երկու այս ծրագրերի իրականացման համար 2013-ին գերակա էր համապատասխան համաձայնագրերի կնքումը։ Թե՛ Իրան-Հայաստան, թե՛ Վրաստան-Հայաստան էլեկտրահաղորդման գծերը վաղուց արդեն պետք է շահագործման հանձնված լինեին։ Մասնավորապես՝ 400 կՎ Իրան-Հայաստան երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի շինարարության մեկնարկը տրվել էր 2010թ. հոկտեմբերի 14-ին, աշխատանքները նախատեսվում էր ավարտել 18 ամսից։ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման օդային գծի կառուցումը պետք է մեկնարկեր 2012-ին (համաձայն 2012թ. պետբյուջեի)։ Փաստացի, Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարևոր այս երկու նախագծերը կառավարությունը արդեն մի քանի տարի է, ինչ տարեկան մի ծրագրից տեղափոխում է մյուսը, հռչակում գերակա, իսկ դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Կառավարության գործունեության այս տարվա օրակարգից դուրս է մնացել միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագիծը. այն փոխարինվել է Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով։ Կառավարության գործունեության 2014թ. ծրագրում նշված է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համար գերակա է լինելու ՀԱԷԿ-ի սարքավորումների և շինությունների զննման և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների իրականացումը։ «Այս ամենը իրականացնելու արդյունքում կսկսվեն Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները»,- նշված է փաստաթղթում։ Գործադրի նման մոտեցումը խնդրահարույց է այնքանով, որքանով ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է երկարացնել մինչև 10 տարով՝ այսինքն մինչև 2026թ.։ Հաշվի առնելով, որ հանրապետության էներգետիկ անվտանգության համար գործող հզորություններին որպես այլընտրանք կարող է լինել նոր միջուկային էներգաբլոկը, վերջինս պետք է պատրաստ լինի մինչ այդ ժամկետը։ 1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի $5,2-7,2 մլրդ։ Նույնիսկ ֆինանսական այդ միջոցների առկայության դեպքում էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ է լինելու 5-7 տարի։ Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացում փաստացի ամենամեծ խնդիրը ֆինանսականն է. ներկայում միայն Ռուսաստանն է պատրաստ ներդրումներ կատարել այս նախագծում՝ միջուկային ռեակտորի տեսքով։
↧