ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ միջոցների հավաքման մասին, հաղորդում է BBC-ն: ՄԱԿ-ը մտադիր է հավաքել 6,5 մլրդ դոլար: Կազմակերպության տվյալների համաձայն` 2014թ. Սիրիայի բնակչության (22,4 մլն) 75%-ին անհրաժեշտ կլինի մարդասիրական օգնություն: Մի շարք ուսումնասիրությունների համաձայն` Սիրիայի մի շարք շրջաններում հացը թանկացել է 500%-ով, և հարցումներին մասնակցող յուրաքանչյուր հինգ սիրիացուց չորսը մտավախություն ունի, որ կմնա առանց սնունդի: ՄԱԿ-ը մտադիր է 2014թ. մարդասիրական ծրագրերի համար հավաքել 13 մլրդ դոլար, որից 2,3 մլրդ դոլարը կուղղորդի Սիրիայի տարածքում գտնվողների համար նախատեսված ծրագրերին, իսկ 4,2 մլրդ դոլարը` սիրացի փախստակններին, որոնք բնակվում են Սիրիայի հարևան երկրներում: ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Վալերի Ամոսը Սիրիայում ստեղծված իրավիճակը ժամանակակից ամենախոշոր ճգնաժամերից մեկն է համարում: Նրա խոսքով` սիրիացի փախստականները կարծում են, որ աշխարհն իրենց մասին մոռացել է: Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
↧