Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին անցյալ շաբաթ սիրիական Քոբանի [գտնվում է քրդական PYD, «Դեմոկրատական միություն» կուսակցության վերահսկողության տակ,] բարձրաստիճան պաշտոնյա ուղարկելու համար: Էրդողանը Վաշինգտոնին հորդորել է ընտրել, թե ում է որպես դաշնակից ընդունում՝ Թուրքիային, թե «Քոբանիի ահաբեկիչներին»:
«Մենք հարցը կբարձրացնենք միջազգային կազմակերպություններում,- Hurriyet Daily News-ը մեջբերում է Էրդողանին:- Եթե նրանց որպես ահաբեկչական կազմակերպություն դասակարգելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ուշ կլինի»,- այսպես է մեկնաբանել Էրդողանը անցյալ շաբաթ ԱՄՆ հատուկ բանագնաց Բրեթ Մակգուրկի այցը Քոբանի:
«Ինչպե՞ս կարող ենք վստահել նրանց: Ե՞ս եմ ձեր դաշնակիցը, թե՞ Քոբանիի ահաբեկիչները»,- հարցադրում է արել Էրդողանը:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարը կարծում է, որ Վաշինգտոնը սկսել է մեղմացնել դիրքորոշումը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը սկսել է «հավատալ այդ նախագծին»:
Սիրիայում քրդական զինուժը [YPG, «Ժողովրդական պաշտպանության ուժեր» - ՍիվիլՆեթ], «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող արդյունավետ ուժ է:
Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Վաշինգտոնն այլևս զենք-զինամթերք չի մատակարարում YPG-ին, այլ զինում է սիրիական ընդդիմությանը, որը կռվում է ԻՊ-ի դեմ:
«Այս պահին մենք զենք-զինամթերք չենք մատակարարում YPG-ին: Մինչև այս պահը մեկ անգամ զենք ենք մատակարարել սիրիական-արաբական կոալիցիային,- ասել էր ԻՊ-ի դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ Սթիվ Ուորենը:
Մինչդեռ հունվարի 16-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մի շարք պաշտոնյաներ՝ Օբամայի բանագնաց Բրեթ Մակգուրկի գլխավորությամբ, մեկնել են Քոբանի, որտեղ հանդիպում են ունեցել քրդական ուժերի հետ:
Ինչպես տեղեկացնում է Kurdish Daily News պարբերականը, հանդիպմանը քննարկվել է ԻՊ-ի դեմ պայքարը, Ժնևի բանակցություններն ու այդ հանդիպումներին քրդերի չմասնակցելու հարցը: Ըստ աղբյուրների՝ բանակցություններն արդյունավետ են եղել: Որոշ տեղեկություններով՝ Մակգուրկն անգամ այցելել է գերեզմանոց և հարգանքի տուրք մատուցել YPG-ի զոհված մարտիկների հիշատակին:
Անկարայի դիրքորոշումը խարխլում է ԻՊ-ի դեմ պայքարի ջանքերը. WSJ
Մինչդեռ Սիրիայի քրդերի հանդեպ ունեցած Թուրքիայի դիրքորոշման մասին Վաշինգտոնում կարծում են, որ դա Սիրիայում քաղաքական կարգավորման գլխավոր խոչընդոտներից է:
Ինչպես գրում է Wall Street Journal պարբերականը փետրվարի 7-ի իր հոդվածում, ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Սիրիայի քուրդ մարտիկների հանդեպ խարխլում է ԻՊ-ի դեմ ջանքերը:
Ինչպես նշում է պարբերականը, Անկարան բազմիցս հայտարարել է Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները զենք են մատակարարում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը [ահաբեկչական կառույց է հռչակված Թուրքիայում - ՍիվիլՆեթ], սակայն Վաշինգտոնն այդ պնդումներն անհիմն է համարում:
