Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17768

Միջազգային համայնքը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը

$
0
0

North Korea RocketՓետրվարի 7-ին Հյուսիսային Կորեան Երկրի արհեստական արբանյակով հրթիռ-կրիչ է արձակել. Փհենյանի այդ քայլը գերտերությունները որակել են բալիստիկ հրթիռի փորձարկում:   

Ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, հրթիռի արձակումից տասը րոպե անց այն անցել է ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայի օդային տարածքով: Ավելի ուշ ԱՄՆ-ը հայտարարել է, որ հրթիռն արձակվել է հարավային ուղղությամբ՝ Դեղին ծովի վրա: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը ազդարարել է « Կվանմյոնսոն 4» արհեստական արբանյակի «հաջող» արձակման մասին:

Հյուսիաային Կորեայի այս քայլին անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Կիրակի ԱՄՆ-ի և Ճապոնիայի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ հանդիպմանը դիվանագետները միաձայն հայտարարել են, որ անհրաժեշտ է արագացնել աշխատանքը Փհենյանի դեմ պատժամիջոցները խստացնող բանաձևի մշակման ուղղությամբ:

Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ճապոնիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանին, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Եվրամիությունն ու Հյուսիսատլանտյան դաշինքը: Փհենյանի կողմից հրթիռի արձակումը որակվել է «հերթական սադրանք» և «տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանն սպառնացող գործողություն»:

«Պետքարտուղարը դատապարտել է հրթիռի արձակումը, ինչը հանդիսանում է Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտում և սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին:

ԱՄՆ-ը նաև իր հաստատակամությունն է հայտնել Ճապոնիային, Հարավային Կորեային և իր «մյուս դաշնակիցներին» պաշտպանելու հարցում:

«Ստիպված ենք արձանագրել, որ Փհենյանը չի անսացել միջազգային հանրության կոչերին՝ հերթական անգամ ցուցադրելով միջազգային իրավունքի նորմերի ճչացող ոտնահարում»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: Գերատեսչությունն ընդգծել է, որ նման գործողությունները հանգեցնում են Կորեական թերակղզում և առհասարակ Հյուսիսարևելյան Ասիայում իրավիճակի սրման:

Հայաստանը դատապարտել է Կորեայի քայլը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում նույնպես դատապարտել է Փհենյանի կողմից հրթիռի արձակումը:

«Դատապարտում ենք ‪‎Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ‪‎ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը Կորեական թերակղզու տարածաշրջանում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ակնարկ

ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդի 1718, 1874, 2087 և 2094 բանաձևերը Փհենյանին արգելում են ցանկացած գործունեություն՝ կապված բալիստիկ հրթիռների մշակման հետ, սակայն Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրաժարվում են ենթարկվել հեռահար հրթիռների արձակման արգելքին, քանի որ դա, իրենց կարծիքով, խախտում է պետությունների՝ տիեզերքը խաղաղ նպատակներով օգտագործելու ինքնիշխան իրավունքը:

1998թ. օգոստոսի 31-ին Հյուսիսային Կորեան արձակել է «Կվանմյոնսոն 1» արհեստական արբանյակը, 2009թ. ապրիլի 5-ին՝ «Կվանմյոնսոն 2», իսկ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ «Կվանմյոնսոն 3» արբանյակները:

2015թ. դեկտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է սեփական ջրածնային ռումբ ունենալ:

«Մենք կարողացանք հզոր միջուկային տերություն դառնալ, որն ունակ է պաշտպանել հայրենիքի անկախությունն ու ազգային արժանապատվությունը՝ միջուկային և ջրածնային ռումբերի հարվածներով»,- ասել էր Կիմ Չեն Ինը:


Viewing all articles
Browse latest Browse all 17768

Trending Articles