Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը փետրվարի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
Օմբուդսմենի պաշտոնում Թաթոյանի առաջադրումը ավելի վաղ հավանական էր համարել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Փետրվարի 4-ին ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո նա հայտարարել էր. «Այս պահին ես այլ թեկնածուներից տեղյակ չեմ: Վաղը կլինի խմբակցության նիստ, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի: Պարոն փոխնախարարի թեկնածության քննարկումը շատ հավանական է, և նրա առաջադրումը մեր կողմից էլի հավանական է»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է մնացել հունվարի 18-ից, երբ Կարեն Անդրեասյանը, որը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 12-ին, կրկնեց իր հրաժարականը: Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի` օմբուդսմենի լիազորությունները դադարում են, երբ նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:
Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՄԻՊ-ի իրենց թեկնածուների մասին դիմումները հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին հանձնաժողովը ընտրելու է փետրվարի 12-ին:
Նոր օմբուդսմենի պաշտոնին է հավակնում նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որի թեկնածությունը առաջադրելու է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: