Մեծ Բրիտանիան ու Շվեդիան ապօրինի են 2010թ. դեկտեմբերի 7-ին Լոնդոնում ձերբակալությունից ի վեր ազատությունից զրկել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ասված է ՄԱԿ-ի` ապօրինի ձերբակալության հարցերով աշխատանքային խմբի եզրակացության մեջ:
Փորձագետները կարծում են, որ «Ասանժի կամայական ազատազրկմանը պետք է վերջ դրվի, նրա ֆիզիկական անձեռնմխելիությունն ու տեղաշարժվելու ազատությունը պետք է հարգվի, և նրան պետք է տրվի փոխհատուցում ստանալու իրավունք»:
Ե´վ Մեծ Բրիտանիան, և´ Շվեդիան հերքում են, որ Wikileaks-ի հիմնադրին զրկել են ազատությունից` մատնանշելով, որ Ասանժն ինքնակամ է փակվել դեսպանատանը:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրավաբանական տեսանկյունից պարտավոր չեն կատարել ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշումը և դեռևս հավատարիմ են Ասանժին Շվեդիային արտահանձնելու իրենց պարտականությանը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումը ոչինչ չի փոխում:
«Մենք լիովին հերքում ենք պնդումները, թե Ջուլիան Ասանժը ապօրինի ազատազրկման զոհ է»,- ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: Ֆորին օֆիսում նաև նշել են, որ մտադիր են բողոքարկել աշխատանքային խմբի եզրակացությունը:
Wikileaks կայքը հայտնի դարձավ Պենտագոնի, Պետքարտուղարության և ԱՄՆ պետական այլ մարմինների գաղտնի նյութերի հրապարակումներից հետո: Շվեդիայում Ջուլիան Ասանժի դեմ հարուցված է քրեական գործ, որով նա մեղադրվում է երկու կանանց բռնաբարության և նրանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Wikileaks-ի հիմնադիրը հերքում է այս մեղադրանքները:
2012թ. հունիսից Ասանժը ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նա ՄԱԿ բողոք էր ներկայացրել 2014թ. սեպտեմբերին:
Փետրվարի 4-ին Ասանժը հայտարարել էր, որ պատրաստ է հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի աշխատանքային խմբի ընդունած որոշումը իր օգտին չլինի: