Բենզինի գները 2015թ. ընթացքում նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի, կառավարության փետրվարի 4-ի նիստին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով դիզվառելիքի և բենզինի շուկայում հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները:
«Եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի գները շատ ավելի շատ են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որն իրացվում է հայկական դրամով և ներմուծվում ամերիկյան դոլարով և այդ պատճառով, հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի: Եթե թվերը դիտարկենք 2014 թվականից, ապա գները շատ ավելի են նվազել՝ 480 դրամից հասնելով 390 դրամի: Երկու տարվա կտրվածքով, եթե մենք ուսումնասիրենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 28 տոկոսով: Եթե մենք վաճառքի գները համեմատում ենք ձեռքբերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին»,- ասել է Շաբոյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «շատ կարևոր նշանակություն ունի գնագոյացման վրա նավթի տեսակարար կշիռը»:
«Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ արդյունահանման ծախսերը բավականին մեծ ծավալ են կազմում, բացի այդ, հարկերը մեծ տեսակարար կշիռ ունեն, և երբ ՌԴ-ից բենզինը ներկրվում է, տրանսպորտային մեծ ծավալի ծախսեր են իրականացվում: Հաշվի առնելով նաև հարկերի մեծ ծավալը բենզինի կառուցվածքում՝ ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 8 տոկոս: Այսինքն, եթե համեմատություն կատարենք նավթի հետ, ապա ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը բավականին ցածր է, և նավթի գների փոփոխությունը շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գների վրա»- ասե; է ՏՄՊՊՀ ղեկավարը:
Նրա խոսքով` դիզվառելիքի և բենզինի շուկայում մուտքի խոչընդոտներ և մրցակցության սահմանափակման երևույթներ չկան. «Մրցակցության պաշտպանության մարմնի հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք ուսումնասիրենք, տեսնենք կան արդյոք մուտքի խոչընդոտներ, կան արդյոք մրցակցային անհավասար պայմաններ, թե ոչ: Մեր ուսումնասիրության արդյունքներով ՝ չկան այդպիսի երևույթներ»:
Շաբոյանն ասել է, որ ներկայում բենզին ներկրում են հիմնականում երկու ընկերություններ՝ «Ֆլեշ» և «ՍիՓիԷս»: «Ինչ վերաբերում է ընկերությունների թվաքանակին, ապա 2007թ. սկսած` որոշակիորեն նվազել է ներմուծող ընկերությունների քանակը, 2006-2007 թթ. եղել են 5-6 խոշոր ներմուծող ընկերություններ: Այս պահին խոշոր ներմուծումներ իրականացնում են երկու ընկերություններ, և նրանց գործունեությունը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է նա: