Վրաստանում հայտնաբերվել են 5 տրլն խմ գազի պաշարներ. այսպիսի հայտարարություն է արել նավթի և գազի պաշարների հետազոտմամբ և արդյունահանմամբ զբաղվող Frontera Resources միջազգային ընկերության ղեկավար Սթիվ Նիքանդրոսը:
Ելույթ ունենալով Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում՝ Նիքանդրոսը, մասնավորապես, ասել է. «3-5 տարուց Վրաստանը բնական գազ կմատակարարի Թուրքիային և Արևելյան Եվրոպային»:
«Նախնական գնահատականներով՝ Վրաստանում հայտնաբերված բնական գազի պաշարների ծավալը կազմում է 5 տրլն խմ: Հանքավայրը գտնվում է Արևելյան Վրաստանում: Պաշարները բավարար են 10 տարվա արտահանում ապահովելու համար, և այս ծավալը կարող է փոխել նավթային խաղի կանոնները»,- հայտարարել է Սթիվ Նիքանդրոսը:
Անցյալ տարի Frontera Resources ընկերությունը հայտարարել էր, որ Վրաստանում գազի պաշարները կազմում են 3,8 տրլն խմ: Իսկ 2014թ. ամռանը Frontera Resources-ի նախագահը հայտարարել էր, որ Վրաստանում հայտնաբերվել է ավելի քան 40 մլրդ խմ գազ:
Նույն թվականին Frontera eastern Georgia ընկերության գործադիր տնօրեն Գիորգի Զամբախիձեն ասել էր, որ Մցարե Խևի հանքավայրից երկրի գլխավոր գազատար կառաքվի օրական ավելի քան 75 հազար խմ գազ: Նրա խոսքով՝ նախագծի մեջ ներդրվել է մոտ 400 մլն դոլար:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորռալնդն էլ ասել էր, որ Վրաստանը կարող է դառնալ գազ արդյունահանող երկիր՝ բավարարելով սեփական էներգետիկ պահանջները, ինչպես նաև գազ արտահանել:
Frontera Resources ընկերությունը հետազոտում է Արևելյան Եվրոպայի և Սև ծովի ծագող շուկաները: Վրաստանում գործում է 1997 թվականից: «Գրուզնեֆտ» («Սաքնաֆտոբի») ընկերության և Վրաստանի էներգետիկայի նախարարության հետ համաձայնագրի հիման վրա ընկերությունը ստացել է 25 տարվա արտոնագիր 12-րդ լիցենզիոն բլոկում նավթի և գազի հետազոտման համար. բլոկի մակերեսը 5550 քկմ է: Բլոկի նախնական ռեսուրսները, որի մեջ մտնում են Միրզաանի, Տարիբանա, Նազարլեբի, Պատարա Շիրակի, Բաիդա և Մուարե Խևի նավթային հանքավայրերը, գնահատվում են մոտ 600 մլն տոննա նավթ:
Վրաստանի գազի մատակարարները
Վրաստանը տարեկան սպառում է մոտ երկու մլրդ խմ բնական գազ: Վրաստանի գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է:
Geostat վրացական ազգային վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2014թ. ընթացքում Վրաստանը Շահ Դենիզ-1 հանքավայրից գնել է 250 մլն խմ գազ 55 դոլարով և 500 մլն տոննա՝ Շահ Դենիզ-2 հանքավայրից՝ 64 դոլարով: Բացի այդ, Վրաստանը 2008թ. Ադրբեջանի հետ կնքել է համաձայնագիր, որի համաձայն արտոնյալ պայմաններով գնում է 500 մլն խմ գազ («սոցիալական գազ») բնակչության համար՝ 189 դոլարով հազար խմ-ի դիմաց:
Անցյալ տարի Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանն ի վիճակի չէ ամբողջությամբ բավարարել Վրաստանի գազի պահանջները:
Հակադարձելով Թբիլիսիի պնդումներին՝ անցյալ տարվա նոյեմբերին Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Ադրբեջանն ունի գազի մեծ պաշարներ, ինչը նշանակում է, որ երկիրը անգամ 100 տարի անց կբավարարի ոչ միայն սեփական, այլև հարևանների և Եվրոպայի գազի պահանջները»:
Թբիլիսին ներկայում բանակցություններ է վարում «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության հետ: «Գազպրոմի» և Վրաստանի ներկայացուցիչների միջև կայացել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել է Ռուսաստանից Հայաստան Վրաստանի տարածքով անցնող գազատարով երկնագույն վառելիքի տարանցման ծավալի ավելացումը:
Հունվարին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել է, որ ռուսաստանյան «Գազպրոմ» գազային հսկան վերջնագիր է ներկայացնում վրացական կողմին՝ պահանջելով, որ Վրաստանը գազի տարանցման դիմաց վճարը ստանա ոչ թե հումքով, այլ փողով:
Ստելլա Մեհրաբեկյան
