Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է Դ478,9 մլրդ-ի հարկային եկամուտներ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 21,1%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում Դ13,7 մլրդ-ով ՊԵԿ-ը գերակատարել է նաև պետբյուջեի ծրագրային ցուցանիշը եկամուտների հավաքագրման մասով։ Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճ է արձանագրել բոլոր հարկատեսակներով հավաքագրումներում։ Ուշագրավ է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով հավաքագրումների 23,1% աճը (հավաքագրվել է Դ190,3 մլրդ)։ Եվ սա այն դեպքում, երբ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում առևտրաշրջանառությունն ավելացել է ընդամենը 3,5%-ով, ներմուծման ծավալը կրճատվել 2,1%-ով։ Ուշագրավ է նաև մաքսատուրքի գծով հավաքագրումների 40,2% աճը (հավաքագրվել է 23,4 մլրդ), եթե հաշվի առնենք ներկրման ծավալների կրճատումը։ Հաշվետու ժամանակահատվածում եկամտային հարկի գծով ՊԵԿ-ը հավաքագրել է Դ108,4 մլրդ՝ աճը 24,4%։ Այս տարվա բյուջեի նախագծով հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են Դ993,2 մլրդ-ի մակարդակում՝ ինչը 2012թ. համեմատ ավելի է Դ116 մլրդ-ով։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2013թ. ծրագրային մակարդակը կկազմի ՀՆԱ-ի 21,91%-ը (2012թ. համար ծրագրվել է 20,73%)։
↧