Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Հայկական պարահետքեր Բելգիայում

$
0
0
Հայ պարաշխարհում լավ են ճանաչում Ենոք Ստեփանյանին. շուրջ կես դար նա բեմի վրա է։ Պարել է մանկուց՝ հետագայում ընդգրկվելով Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի համույթում: Լենինգրադի Մշակույթի ինստիտուտի պարարվեստի բաժինն ավարտելուց հետո միաժամանակ ստանձնել է մի քանի մշակույթի տների, մասնավորապես՝ Երևանի Ժամացույցի գործարանի պարախմբերի ղեկավարությունը՝ դրանք բարձրացնելով պրոֆեսիոնալ մակարդակի։ Տասներեք տարի է, ինչ փորձառու պարուսույցը բնակվում է Բելգիայի Գենտ քաղաքում։ Այդտեղ էլ, հանգամանքների բերումով, տարիներ առաջ կայացավ մեր ծանոթությունն ու առաջին հանդիպումը։ Սկսված զրույցը օրերս շարունակվեց այստեղ՝ Երևանում։ — Ենոք, որքան հասկացա, բավական հաճախ եք գալիս Ձեր ծննդավայր։ — Ինձ թվում է՝ չեմ էլ գնացել։ Ոչ մի կերպ չեմ համակերպվում գնալուս փաստի հետ, ավելին՝ պատրաստվում եմ վերադարձի։ — Այդ դեպքում ինչո՞ւ մեկնեցիք։ — Պարապ նստել չէի կարող։ Անկախացումից հետո ուղղակի և անուղղակի իմաստով փլուզվել էին մեր փոքր ու մեծ բնակավայրերի մշակույթի տները։ Ժամանակին Հայաստանում չկար մի անկյուն, որտեղ ես դաս տված չլինեի։ Եթե, ասենք, հրավիրել են Գառնի, ապա զուգահեռաբար պարապում էի Ողջաբերդում, Գողթնում, Աբովյանում, Աթարբեկյանում, Քաղսիում, Հրազդանում։ Ժամացույցի գործարանի պարախմբերից բացի՝ ղեկավարել եմ Էջմիածնի պարի անսամբլը՝ հասցնելով ժողովրդականի բարձր կոչման։ Ինչ վերաբերում է Բելգիա մեկնելուս, ապա 2000թ. հրավեր ստացա տեղի Հայ դեմոկրատների միության նախագահ, պոլսահայ Պողոս Օքմենից (Օքմենյան)՝ հայկական պարախումբ ձևավորելու Բրյուսելում։ Գնալուս առաջին իսկ օրը հանդիպեցի 50 հայ երեխաների հետ։ Նրանցից երկու խումբ կազմեցի։ — Իսկ առաջին համե՞րգը… — Այն շատ չուշացավ։ Բառացիորեն մի քանի ամիս հետո Բրյուսելի ամբողջ հայությունը լցվել էր 2500-տեղանոց սրահը, որը հրաշալի բեմ և բարձրակարգ երաժշտական սարքավորումներ ուներ։ Պարային 11 համար ներկայացրինք՝ ազգային տարազներով ու հայկական դրոշով։ Համերգը ջերմորեն ընդունվեց ներկաների կողմից։ Հաջորդեց հրավեր Անտվերպեն քաղաքից՝ տեղի «Նուարդ» մշակութային միության ղեկավար Գևորգ Մինասյանից։ Ափսոսում եմ, որ տասներեք տարի գործած ու մեծ հաջողություններ գրանցած «Բարեկամություն» պարախումբը վերջերս լուծարվեց։ — Հավանաբար մասնակից երեխաների պակաս կա՞ր։ — Անշուշտ, գլխավոր պատճառներից մեկը դա էր։ Գիտեք, որ ողջ Բելգիայում, որտեղ այսօր մոտ 20 հազար հայ է ապրում, հոծ հայաբնակ վայրեր չկան։ Բացի այդ՝ այնտեղ պարային համապատասխան միջավայր չկա։ Հարցերը շատ-շատ են: Մխիթարվում եմ Մեխելեն քաղաքում գործող «Մեխակ» անսամբլով և վերջերս Ֆրանսիայի Լիլ քաղաքում ստեղծված հայկական նոր պարախմբով։ Շաբաթը երկու անգամ Մեխելեն եմ գնում, մեկ անգամ՝ Բրյուսել և մեկ անգամ էլ՝ Լիլ։ Այստեղ երկուական խմբեր ունեմ՝ մեծերի ու փոքրերի։ — Ի՞նչ է պարը Ձեզ համար։ — Պարն ինձ համար, առանց չափազանցության, կյանք է, առանց որի ապրել չեմ կարող։ Փոքրուց եմ «հիվանդացել» պարով, ու դրան բուժում չկա։ Արտերկրում պարը նաև հային հայ պահելու միջոց է։ Իրականում ես միայն պարային շարժումներ չեմ ուսուցանում. սովորեցնում եմ նաև հայկական նիստուկաց, պահելաձև, մի խոսքով՝ ներարկում եմ ազգային գիտակցություն։ — Այսօր Հայաստանում ևս ամբողջ օրը պարում են։ Հետևո՞ւմ եք հեռուստահաղորդումներին, ի՞նչ կարծիք ունեք։ — Լավ է, որ պարում են։ Բայց պարի մեջ իմաստ պիտի լինի։ Դա մարմնամարզություն չէ, որ այսուայն կողմ թռչկոտես։ Պարը նախ ոգի է, ապա նոր՝ շարժում։ — Ամեն տարի Հայաստան գալով՝ ի՞նչ զգացողություններ են Ձեզ պատում, նոր փոփոխություններ տեսնո՞ւմ եք։ — Ճիշտն ասած՝ խառը զգացումներ են ինձ համակում։ Մի կողմից ուրախանում եմ՝ տեսնելով հին ու նոր ընկերներիս, մյուս կողմից՝ տխրում, երբ նրանց հոգսաշատ եմ գտնում։ Անկախ ինձանից՝ համեմատություններ եմ անցկացնում դրսի հետ։ Այնտեղ անլեզու-անլեզու հաջողության ես հասնում։ Այստեղ թե՛ լեզուն գիտես, թե՛ շնորհք ունես, բայց դարձյալ դժվար ես ապրում։ Մարդիկ, իմ պատկերացմամբ, իրենց մասնագիտական գիտելիքների համաձայն և ըստ արժանվույն չեն գնահատվում։ Հետո՝ թացն ու չորը իրար են խառնվել։ — Մեր զրույցի սկզբում, սակայն, խոսեցիք վերադառնալու մասին։ — Էլի եմ խոսում։ Այո՛, կգամ, եթե աշխատանք լինի։ Ընդ որում՝ մենակ չեմ գա։ Կգամ ամբողջ գերդաստանով՝ 3 երեխա ունեմ, 8 թոռ։ — Իսկ չե՞ք մտածում Ձեզ փոխարինող պատրաստելու մասին։ — Իհարկե, մտածում եմ։ Պիտի զարմանաք, եթե ասեմ, որ այդքան պատանիների մեջ դեռ չեմ գտել մեկին, որը գեներով պարուսույց լինի։ Մեծամասնությունը չի թափանցում պարի մեջ. շատերը միայն մեխանիկական շարժումներ են անում։ Պարային գենը բարդ բան է։ Մանավանդ օտարության մեջ արմատից կտրված ծառին մենք պար ենք պատվաստում: Կաճի՞… — Անցած տարիների ընթացքում հաշվե՞լ եք՝ քանի սան եք ունեցել։ — Հարյուրների է հասնում նրանց թիվը։ Շատ պիտի ուզենայի մի օր բոլորին հավաքել ու միասնական համերգով հանդես գալ հայրենի բեմում։ Զրուցեց Լևոն Լաճիկյանը 

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles