Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17034

Դատարանն ինչ կդնի իմ ուսին, ես կվճարեմ. Վարդան Պետրոսյան

$
0
0

IMG_20150116_140403

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի դեմ տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցի քննությունը։

2014թ. դեկտեմբերի 17-ի դատական նիստին տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացրել էր քաղաքացիական հայց՝ վթարի հետևանքով տուժողներին պատճառված վնասի հատուցման համար։ Տուժող կողմը Վարդան Պետրոսյանից պահանջել էր ավելի քան 12 մլն դրամի փոխհատուցում։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հունվարի 16-ին դատարանում հայտարարեց, որ տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման համար ներկայացված ծախսերը (10 մլն 165 հազ․ 213 դրամ), ըստ էության, չափազանցված են, քանի որ բժշկական կենտրոններին իր կատարած հարցումներն այլ չափի գումարի մասին են վկայում։ Ըստ Բաղդասարյանի՝ այդ գումարը պետք է փոխհատուցի ոչ թե Վարդան Պետրոսյանը, այլ ապահովագրական ընկերությունը, և տուժողները դերասանից ոչինչ չունեն պահանջելու։

Դատարանը վարույթ ընդունեց ներկայացված քաղաքացիական հայցը։

Վարդան Պետրոսյանը, ելույթ ունենալով, ասաց․ «Դատարանն ինչ կդնի իմ ուսին, ես կվճարեմ: Բայց մինչ այդ էլ ես առաջարկել եմ գումար, որը գուցե ավելին լիներ, քան այն, ինչ պահանջում են տուժողները հիմա»։

Դերասանը տեղեկացրեց, որ իր հարազատներն անցյալ տարվա օգոստոսին տուժողներին են փոխանցել 20 հազ. դոլար՝ առանց որևէ պահանջի։

Տուժող կողմն իր հերթին հաստատեց, որ նման գումար տրվել է, սակայն իրենք տեղեկացրել էին, որ առանձին հայց են ներկայացնելու Տաթևիկ Հակոբյանի բուժման համար։

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ` նշանակելու հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի ցրվեն կասկածները, թե արդյոք Տաթևիկ Հակոբյանին պետք է հետևողական բուժում, որքան ժամանակահատվածով և որքան կարժենա դա։

Ներկայում դատարանը խորհրդակցական սենյակում է՝ միջնորդության վերաբերյալ վճիռ կայացնելու նպատակով։

Դատարանի դահլիճում կրքերը թեժ են։ Տուժող Արթուր Հակոբյանը Վարդան Պետրոսյանին ու նրա պաշտպանին մեղադրում է փաստերը խեղաթյուրելու և սուտ խոսելու մեջ:

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։


Viewing all articles
Browse latest Browse all 17034

Trending Articles