Եվրամիությունը Հայաստանին հատկացրել է՝ 77,5 մլն եվրո (44 մլրդ դրամ): ԵՄ-ի աջակցության նոր փաթեթը նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հունվարի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-ԵՄ ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել կառավարության անդամներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների ներկա մակարդակի պահպանումը և պատրաստակամ է շարունակել համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով:
«ԵՄ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է: Մենք ցանկանում ենք պահպանել ԵՄ-ի հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան: Դա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար թե՛ քաղաքական ինստիտուտների և պետական կառավարման մարմինների կատարելագործման, և թե՛ տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման առումով: ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցությունը Հայաստանի Հանրապետություն – Եվրամիություն համագործակցության առանցքային բաղադրիչներից է: Իմ գլխավորած կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր ոլորտներում առաջընթաց արձանագրեն»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Տրայան Հրիսթեայի խոսքով՝ «խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունն անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար»:
Ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային անվտանգությանը:
Երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը: Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո): Տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
Կառավարման ոլորտում ԵՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո):
ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում:
Մեկ այլ համաձայնագրով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6 մլն եվրո) և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը:
Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:
ԵՄ-ն կաջակցի նաև միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով (1մլն եվրո):