Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր։
«Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակել է ավելի քան 2000 կրակոց։
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների»,- ասված է ԼՀՂ ՊՆ հաղորդագրությունում։
Ակնարկ
Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տարեսկզբից լարվածություն է տիրում: Հունվարի 2-ին լույս 3-ի գիշերը հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ իրականացվել էին դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի զինծառայողների գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը նույնպես տվել էր կորուստներ. զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը զոհվել էին, զինծառայող Վոլոդյա Հարությունյանը վիրավորում էր ստացել:
Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի խախտումները չեզոքացնելու արդյունքում սպանվել է ադրբեջանցի երեք զինվորական։ Հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին հայկական կողմից երկու ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը չէր հերքել կամ հաստատել այդ լուրը։
Հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2500 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 25000 կրակոց։
Վերջին օրերին լարված վիճակ էր ստեղծվել նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ և Բերդ-Թովուզ հատվածներում: Հունվարի 6-ին օրվա ընթացքում հակառակորդի դիրքերից՝ Ալիբեյլի և Քեմեռլի գյուղերի ռազմական դիրքերից, կրակահերթեր են եղել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր և Դովեղ գյուղերի ուղղությամբ: Հունվարի 7-ի կեսօրին արբեջանցիները ԴՇԿ տեսակի զենքով կրակել էին Բարեկամավան գյուղի տների ուղղությամբ։
Հունվարի 11-ին ադրբեջանական կողմից դիվերսիոն փորձ էր իրականացվել Տավուշի ուղղությամբ։ Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էր։ Հայկական կողմից զոհվել էր 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը։ Հունվարի 12-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը։