Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին բանկերն ավելի շատ ավանդ են ներգրավել, քան վարկ տրամադրել։ Ավանդների պորտֆելն ավելացել է Դ103 մլրդ-ով, վարկայինը՝ Դ77,4 մլրդ-ով։ Ապրիլին ոչ ռեզիդենտները դուրս են բերել միջոցները բանկային համակարգից, ռեզիդենտներն արտարժութային ավանդները փոխարկել են դրամայինի։ Այս տարվա չորս ամիսներին բանկային համակարգի ավանդների ծավալն աճել է 8,5%-ով կամ Դ103 մլրդ-ով՝ ապրիլի վերջի դրությամբ կազմելով Դ1,315 տլրն ($3,2 մլրդ)։ Այդուհանդերձ, ամսական կտրվածքով ավանդների ծավալը ապրիլին նվազել է, միատարր չի եղել նաև ավանդատուների վարքագիծը։ Ապրիլին ամսական կտրվածքով բանկերում ավանդների պորտֆելը նվազել է Դ33 մլրդ-ով կամ 2,5%-ով, ինչը պայմանավորված է հիմնականում ոչ ռեզիդենտների ավանդների 34,6 մլրդ-ով կրճատումով։ Ընդ որում՝ ոչ ռեզիդենտները բանկային համակարգից հանել են թե՛ արտարժութային, թե՛ դրամային միջոցները։ Մյուս կողմից՝ ռեզիդենտները Դ10 մլրդ-ի արտարժութային ավանդները փոխարկել են դրամայինի. արտարժույթից հիմնականում հրաժարվել են ձեռնարկությունները։ Դոլարից փախուստը պայմանավորված է ավանդատուների վարքագծով և ոչ թե բանկերի տոկոսադրույքային քաղաքականությամբ։ Խնդիրն այն է, որ բանկերում մեկ տարվա ժամկետայնությամբ դրամային ավանդների միջին տոկոսադրույքը ապրիլին ամսական կտրվածքով նվազել է 0,83 տոկոսային կետով՝ կազմելով 11,56%։ Դոլարային ավանդներինը ավելացել է 0,17 տոկոսային կետով՝ մինչև 7,75%։ Պարզ ասած՝ բանկերի տոկոսադրույքային քաղաքականությունն ավելի շատ պետք է նպաստեր դոլարային վարկերի ծավալի ավելացմանը։ Դոլարային ավանդների փոխարկումը դրամայինի հասկանալի չէ, եթե հաշվի առնենք նաև դրամի արժեզրկման փաստը. մարտին դրամ/դոլար միջին փոխարժեքը կազմել է Դ414,71/$1, ապրիլին՝ Դ416,29/$1։ Ոչ ռեզիդենտների կողմից բանկային համակարգից միջոցների դուրսբերումը և ռեզիդենտների հրաժարումը արտարժույթից բերել է ավանդների դոլարիզացիայի մակարդակի նվազման։ Այսպես, եթե 2012թ. դեկտեմբերի վերջին ավանդների դոլարիզացիան կազմում էր 69,7%, ապա ապրիլի վերջին այն 70% էր՝ մարտի 71,5%-ի դիմաց։ Թեև դոլարիզացիայի մակարդակը մեկ ամսում նվազել է 1,5 տոկոսային կետով, այն շարունակում է բավական բարձր լինել։ Ի տարբերություն ավանդների պորտֆելի, բանկերում վարկային պորտֆելը չորս ամիսների կտրվածքով ավելի համեստ է աճել՝ Դ77,4 մլրդ-ով կամ 4,8%-ով, ապրիլի վերջին կազմելով Դ1,68 տրլն։ Վարկային պորտֆելի նման աճը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ բանկերի կողմից շաբաթական կտրվածքով տրամադրած վարկերի հանրագումարից ստացվում է, որ չորս ամիսներին բանկերը տրամադրել են Դ855 մլրդ-ի վարկ, որից Դ530,9 մլրդ-ը՝ դրամային։ Վարկային պորտֆելի և տրամադրած վարկերի ծավալից ստացվում է, որ վարկառուները մարել են մոտ Դ800 մլրդ-ի վարկեր կամ ընդհանուր վարկային պորտֆելի կեսը, ինչը գործնականում անհնարին է։ Խոսքը, իրականում վարկերի վերաֆինանսավորման մասին է, ինչը նաև դրական տարրեր է պարունակել։ Այս տարվա չորս ամիսներին դրամով տրամադրված վարկերի ծավալը մոտ 65%-ով գերազանցել է դոլարայինը, ինչի արդյունքում բանկային համակարգում վարկերի դոլարիզացիան նվազել է 0,4 տոկոսային կետով՝ ապրիլի վերջին կազմելով 63,9%։ Դոլարային վարկերի վերաֆինանսավորումը դրամայիններով բխում է նախ և առաջ տնտեսվարողների շահերից, քանի որ դրամի արժեզրկման պայմաններում նվազում են նրանց արտարժութային ռիսկերը։ Անկախ բանկային համակարգում արձանագրված դոլարիզացիայի մակարդակի նվազման՝ հաշվետու ժամանակահատվածում դոլարային վարկերի պորտֆելն աճել է Դ5 մլրդ-ով։ Ընդ որում՝ հանքարդյունաբերության ոլորտի դոլարային վարկերի պորտֆելը կրճատվել է Դ53,4 մլրդ-ով։ Հիմնականում աճել է առևտրի ոլորտին տրամադրած արտարժութային վարկային պորտֆելը՝ Դ11,54 մլրդ-ով կամ 4,7%-ով, ինչպես նաև էներգետիկ ոլորտի վարկային պորտֆելը՝ Դ11,5 մլրդ-ով կամ 13%-ով։ Հունվար-ապրիլին ավելացել են նաև արտարժութային ռիսկեր պարունակող ուղղությունների վարկային պորտֆելները։ Այսպես, արտարժույթով հիպոթեքային վարկերի պորտֆելն աճել է 5%-ով կամ 3,2մլրդ-ով (դրամային պորտֆելը կրճատվել է 0,6%-ով)։ Քարտային վարկերի դոլարային ծավալն աճել է Դ 3,4 մլրդ-ով կամ 7%-ով, դրամայինը՝ 9,4%-ով կամ Դ4,5 մլրդ-ով։ Ոսկու գրավադրմամբ վարկային պորտֆելն ավելացել է Դ12,5 մլրդ-ով կամ 13,6%-ով, գերակշիռ մասով՝ դրամային (Դ12 մլրդ)։ Քարտային և ոսկու գրավով վարկերի ծավալը ցույց է տալիս բնակչության եկամուտների նվազման մասին. քարտային վարկերը տրվում են աշխատավարձի չափի հիման վրա։
↧