Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

Պատնեշ, որ հարկավոր է հաղթահարել

$
0
0
Բավական շատ է խոսվում Արցախում Սփյուռքի դերի մասին, սակայն այդ խոսակցությունները սովորաբար տեղի են ունենում համահայկական դրամահավաքի նախօրեին կամ էլ Արցախում «Հայաստան» հիմնադրամի իրականացված որևէ ծրագրի ավարտին: Թեև կատարված մեծածավալ ծրագրերին՝ Սփյուռքի ներգրավվածությունը Արցախի խնդիրների լուծմանը մնում է մակերեսային: Խոսքը ոչ թե դրամական նվիրատվությունների, այլ բովանդակային և որակյալ մասնակցության մասին է: Այսօր Արցախի ամենալուրջ խնդիրը վերաբնակեցման ծրագրի կասեցումն է: Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում ավելի քան հինգ տարի է վերաբնակեցման ծրագրով անհատական տներ չեն կառուցվել, տասնյակ ընտանիքներ ցանկություն ունեն տեղափոխվել այս շրջաններ, սակայն կացարանի խնդիրը թույլ չի տալիս բավարարել նրանց դիմումները: Իմ կարծիքով՝ ծրագրի դադարեցման նախաձեռնողը պաշտոնական Երևանն է, որի խորհուրդներին Ստեփանակերտում անվերապահորեն հետևում են: Որևէ հույս ունենալ, որ վերաբնակեցման ծրագիրը կարող է վերականգնվել՝ առնվազն այս իշխանությունների օրոք ուղղակի միամտություն է: Սրան գումարվում է նաև վերոնշյալ շրջաններում իրականացված ցածրորակ շինարարության խնդիրը. շրջանային վարչակազմերի կողմից տրամադրվող շինանյութը ոչ բոլորին է հասանելի: Վերաբնակեցման հարցը կարևորագույններից է, որ պետք է հուզի ամբողջ հայությանը՝ որպես Արցախյան խնդրի խաղաղ ու վերջնական լուծում ապահովող տարբերակ: Մինչ այժմ Սփյուռքն Արցախի հարցում աշխատելիս փորձել է հաշվի առնել ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կարծիքները և որոշ համայնքներում նույնիսկ հրաժարվել է Արցախի ուղղությամբ կոնկրետ քայլերից՝ խուսափելով առճակատման գնալ ՀՀ և ԼՂՀ դիվանագիտական առաքելությունների հետ: Սրան պետք է ավելացնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեմ եղած քննադատությունը և ավելացող անվստահությունը հայրենիքում իրականացվող ծրագրերի նկատմամբ: Կարծում եմ, որ նման նահանջն արդարացված չէ, և արժե նոր ուղիներ որոնել Արցախի ուղղությամբ ջանքերը շարունակելու համար: Սփյուռքի հայկական կառույցները կարող են համագործակցության նոր ձևաչափ ընտրել, որը կշրջանցի իշխանություններին: Այլ կերպ ասած՝ Հայկական Սփյուռք-Արցախ հարաբերությունները հարկավոր է ապակենտրոնացնել, հատկապես Նոր Շահումյանի (Քարվաճառի) և Քաշաթաղի շրջաններում իրականացվող ծրագրերի դեպքում: Ծրագրերն իրենց մեջ պետք է ներառեն նաև այս շրջաններում տների կառուցման բաղադրիչ, քանզի պատերազմական իրողություններն ամբողջովին վերացրել են այս շրջանների երբեմնի բնակֆոնդը: Համացանցը, բանկային արդի ծառայությունները հնարավորություն են տալիս Արցախի հետ համագործակցությունն ընդհուպ անհատականացնել: Սա զգալիորեն կբարձրացնի վստահության աստիճանը ծրագրերի նկատմամբ, զերծ կպահի այն կոռուպցիոն ռիսկերից և իշխանական միջամտությունից: Արդ, մնում է հաղթահարել Արցախի հետ աշխատելու հոգեբանական պատնեշներն ու ավելի մեծ արդյունքների հասնել:

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles