Հատուկ քննչական ծառայությունը նոյեմբերի 29-ին պարզաբանում է տարածել, որում հակադարձում է գլխավոր դատախազության հաղորդագրությանը՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ:
Նոյեմբերի 28-ին գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշվել էր, որ ՀՔԾ-ն նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, «անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետևանքով Խաչատրյանին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներից օգտվելու հնարավորությունից»:
ՀՔԾ-ի պատասխան հաղորդագրությունում ասված է. «Պետական մարմնի հավասարակշռված վարքին ոչ հարիր ենք համարում, երբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե «ՀՔԾ-ն նախաքննությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին՝ Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել»:
ՀՔԾ-ն հիշեցնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է … դատախազը …»:
«Այսինքն, քրեական գործով նախաքննության ընթացքում բավարար հիմքերի առկայության դեպքում դատախազն իրավասու էր կայացնել անձին տուժող ճանաչելու մասին որոշում: Ինչը քննարկվող քրեական գործի նախաքննության շուրջ 1.5 ամսվա ընթացքում դատախազի կողմից չի կատարվել:
Բացի այդ, ավելորդ չենք համարում նշել, որ սույն քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է ՀՀ ԳԴ դատախազի կողմից, այն բանից հետո երբ վերացվել էր արարքում հանցակազմի բացակայության հիքմով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը և դատախազը գտել էր, որ առկա են հանցագործության մասին վկայող փաստական տվյալներ:
Եթե հրապարակման հեղինակի մտահոգությունը լրագրող Մարինե Խաչատրյանի՝ որպես տուժողի, իրավունքների պաշտպանությունն է, ապա չենք կարծում, որ դատախազությունը տեղյակ չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի այն դրույթին, համաձայն որի. «Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող…»:
Ակնհայտ է, որ լրագրող Մարինե Խաչատրյանի անձը հայտնի էր քրեական գործ հարուցելու պահին, իսկ սույն քրեական գործը հարուցող դատախազն ինքը կարող էր որոշում կայացնել տուժող ճանաչելու մասին, ինչը չի կատարել:
Զերծ մնալով անձին կոնկրետ դեպքում տուժող ճանաչելու իրավաչափության հարցի մասնագիտական քննարկումից, ընդամենը հարկ ենք համարում փաստել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հայտնի հաղորդագրությամբ փորձ է արվել հանրային հնչեղություն ունեցող գործով առիթն օգտագործելով՝ հանրության առաջ արժևորել դատախազությունը՝ մեկ այլ պետական կառույցի աշխատանքները թերագնահատելու հաշվին՝ առանց անդրադառնալու նույն խնդրի կապակցությամբ դատախազի թույլ տված բացթողումներին:
Գտնում ենք, որ հարկ է, այսուհետ, հանդես բերել ՀՀ գլխավոր դատախազության նման ծանրակշիռ կառույցին բնորոշ զսպվածություն և հանրությանը տրամադրել իրավաբանորեն հիմնավորված տեղեկատվություն ընթերցողներին թյուրըմբռնումից զերծ պահելու համար»,- նշված է ՀՔԾ պարզաբանման մեջ:
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը պոկել էր «Հակահարված» խմբի անդամների՝ «Բարև, Ռոբ» գրությամբ պաստառը, իսկ հետո հարվածել լրագրող Մարինե Խաչատրյանին և նրա տեսանկարահանող սարքը գցել գետնին։ Ավելի քան երկու ամիս գործը քննելուց հետո ՀՔԾ-ն կարճել էր այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Ի դեպ՝ վերջին շրջանում որոշակի լարվածություն է նկատվում ներկա և նախկին գլխավոր դատախազներ Գևորգ Կոստանյանի և Աղվան Հովսեփյանի հարաբերություններում: Անդրադառնալով այս այս թեմային՝ «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գևորգ Կոստանյանը, լիազորություններից օգտվելով, քրեական գործեր է հարուցում դատախազների ու քննիչների նկատմամբ, նրանց ներգրավվում որպես մեղադրյալ և այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ տարածում: Կոստանյանը հասցրել է քրգործեր հարուցել ինչպես Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեի, այնպես էլ՝ անկախ մարմին համարվող Հատուկ քննչական ծառայության, նաև՝ դատախազության համակարգի ներկայացուցիչների նկատմամբ: Որքան էլ հետաքրքիր և աղմկոտ լինեն Գևորգ Կոստանյանի ղեկավարած դատախազության կողմից տարբեր քրեական գործեր հարուցելու մասին հայտարարությունները, դրանք դեռևս երիտասարդ դատախազի հաղթանակի վկայություն չեն: Կոստանյանն իր ուզածն անելու համար երկու հիմնական պրոբլեմ ունի. գործող օրենսդրության համաձայն, դատախազությունը կարող է քրեական գործեր հարուցել, բայց նախաքննություն վարել չի կարող»: