Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

ՀԱԿ-ը չի միանա Սարգսյանին պաշտոնազրկելու Փաշինյանի նախաձեռնությանը

$
0
0

TH_Anc fractionԱզգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն արձագանքել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկին:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ոչ իշխանական խմբակցություններին՝ աջակցություն հայցելով Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:

ՀԱԿ հայտարարությունում մասնավորապես ասված է․

«Նոյեմբերի 28-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը Փաշինյանի անունից խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հասցեագրված նամակ է հանձնել խմբակցության գործավարին` հայցելով  խմբակցության անդամների ստորագրությունները` Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:

Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը կազմակերպելու գաղափարը եղել և մնում է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի 2012թ. ընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը: Ըստ ընտրական ծրագրի, «Հայ Ազգային Կոնգրեսը» խոստացել էր Ազգային ժողովում ծանրակշիռ ներկայացվածություն ունենալու դեպքում անմիջապես բարձրացնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը` Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսված մեխանիզմով:

Բնական է, որ 2012թ. խմբակցություն կազմավորելուց  հետո առաջին իսկ նիստերի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը քննարկել է  Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելու հարցը: Նիստում, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը, միաձայն որոշում է ընդունվել առայժմ զերծ մնալ պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելուց: Որոշման հիմնավորումն այն էր, որ Ազգային ժողովում պաշտոնանկության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ մեծամասնության բացակայության պայմաններում` նման գործընթացի նախաձեռնումը դատապարտված է ձախողման, ինչը միայն կուժեղացնի Սերժ Սարգսյանի դիրքերը:

Չնայած 2012-ից ի վեր հաջողվել է էապես փոխել իշխանություն-ընդդիմություն ուժերի բալանսը Ազգային ժողովում, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության գնահատմամբ, այսօր Ազգային ժողովում պաշտոնանկության գործընթացը հաջողելու համար  անհրաժեշտ մեծամասնություն դեռ ձևավորված չէ, մինչդեռ առաջին փուլում դրա համար պետք է 66 ձայն, իսկ երկրորդ և վերջնական փուլում` 87 ձայն:
Ակնհայտ է, որ նման պայմաններում, երբ Համաժողովրդական շարժման ձեռնարկած քաղաքական գործընթացները, ներառյալ հանրահավաքային պայքարը, դեռ չեն բերել Ազգային ժողովում քաղաքական ուժերի բալանսի արմատական փոփոխության, պաշտոնանկության գործընթացի նախաձեռնումը դատապարտված է անփառունակ տապալման և կարող է միայն ծառայել ժողովրդի հիասթափմանն ու ռեժիմի դիրքերի ամրապնդմանը:

Հասկանալի չէ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը փոխել իր նախորդ դիրքորոշումը և դիմել քայլերի, որոնք կօգտագործվեն իշխանությունների կողմից ներքաղաքակական պայքարում:

Միևնույն ժամանակ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը  համարում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար կան բոլոր անհրաժեշտ իրավաքաղաքական հիմքերը, (ընդ որում՝ տասնապատիկ ավելի ծանրակշիռ, քան պատգամավորի ներկայացրած նախագծում), և Համաժողովրդական շարժման ծավալմանը զուգընթաց գործի կդնի պաշտոնանկության սահմանադրական գործիքը այն ժամանակ, երբ նման գործընթացի նախաձեռնումը կնպաստի ռեժիմի կազմաքանդման գործին»:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Սիվիլնեթի հետ հարցազրույցում նշել էր, որ խորհրդարանական եռյակը «շատ կոնկրետ հնարավորություն ունի՝ ԱԺ-ում հարուցելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց», և երբ սկսվի այդ գործընթացը, իր ստորագրությունը կլինի այդ նախաձեռնության տակ: ՍիվիլՆեթի հարցադրմանը, թե ինչու Փաշինյանն ինքը չի նախաձեռնում այդ գործընթացը, վերջինս ասել էր. «Որպեսզի չստացվի, որ ես միայնակ փորձում եմ նախաձեռնություն անել և իրավիճակ ստեղծել, որ եռյակին միացնեմ իմ նախաձեռնությանը: Շատ կարևոր է, որ չստացվի, թե ես փորձում եմ իմ նախաձառնության ծիրի մեջ տեղավորել ոչ իշխանական եռյակին»: Դիտարկումից հետո, որ լինելով Ազգային ժողովում՝ նա ունի հնարավորություն՝ սկսելու իմփիչմենթի գործընթաց, Փաշինյանը խոստացել էր առաջիկայում հանդես գալ այդպիսի առաջարկով և տեսնել, թե ով կմիանա դրան:

Փաշինյանի նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ ոչ իշխանական ուժերի օրակարգում ներկայում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց չկա։ Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ փոխանցել էր, որ նախաձեռնության տակ չեն ստորագրելու, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի քանի տարի աշխատել են։


Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles