Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին կոչ է անում հարգել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը

$
0
0

NKR MFA NKR MID (1)Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրում էր «իր գրավյալ տարածքներում» ռազմական ներկայությունը մեծացնելու մեջ:

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «Հայաստանն անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և հրաժարվելով դուրս բերել զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ ցուցադրաբար խախտում է  միջազգային իրավունքն ու հրադրադրի ռեժիմը, շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը նշված տարածքներում և անցկացնում է լայնածավալ զորավարժություններ»:

«Ափսոսանքի է արժանի, որ Ադրբեջանը, անտեսելով ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման և հրադադարի ռեժիմի նմանատիպ խախտումների բացառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, շարունակում է հանդես գալ հայտարարություններով, որտեղ խեղաթյուրում է  միջադեպի էությունը և նենգափոխում փաստերը:

Փորձելով արդարացնել իր կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումը՝ Բաքուն կրկին վկայակոչում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ բոլոր չորս բանաձևերի առաջնահերթ և կարևորագույն պահանջը կրակի, ռազմական և թշնամական բոլոր գործողությունների անհապաղ դադարեցումն էր: Սակայն այս հիմնական պահանջն է բազմիցս խախտվել Ադրբեջանի կողմից և մինչ օրս լիովին չի կատարվել, ինչի մասինէ վկայում ուղղաթիռի խոցման միջադեպը:

Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերի պահանջների անտեսումը և նրա բացահայտ ձգտումը՝ հակամարտությունը լուծել ուժի միջոցով ու պատերազմի վերսկսման շարունակական սպառնալիքները արժեզրկել և անկիրառելի են դարձրել այդ բանաձևերը»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ-ի հայտարարությունում՝ ի պատասխան News.am-ի հարցի:

Ակնարկ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները։

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարել էին, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով հանդես գալ միջնորդի դերում` խփված ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին հանձնելու հարցում։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ նոյեմբերի 18-ին հայտարարել էր, թե «թույլ կտա խոցված ուղղաթիռի հայ օդաչուների դիերը վերցնել, եթե հարկ համարի»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 19-ին հանդես են եկել հայտարարությամբ` Ադրբեջանին կոչ անելով թույլատրել դուրս բերել զոհերի մարմինները։

ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 1993թ. ընդունել է չորս բանաձև։

Առաջին բանաձևով (ապրիլի 30) պահանջել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, հրադադարի հաստատում և հայկական տեղական ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից։ Կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ վերսկսել ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունները։

Երկրորդ բանաձևով (հուլիսի 29) Անվտանգության խորհուրդը հակամարտության երկու կողմերին կոչ է արել կատարել առաջին բանաձևի պահանջները, դատապարտել է Ադրբեջանին հայաբնակ շրջանների ռմբակոծման և քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար որպես պատասխան քայլ՝ հայկական ուժերի կողմից Աղդամ քաղաքի գրավման։ Մինչև օգոստոսի 8-ը տևած նիստում ընդունվել է ՄԱԿ-ի ԱԽ երկու բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը։

Երրորդ բանաձևով (հոկտեմբերի 14) Անվտանգության խորհուրդը կոչ է արել կողմերին արղյունավետ և մշտական դարձնել ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը, վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին, ողջունել Մինսկի խմբի առաջարկած առաջին երկու բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների հարմարեցված ժամանակացույցը և կոչ արել կողմերին անհապաղ իրականացնել այդ ժամանակացույցում մատնանշված միջոցառումները։

Չորրոդ բանաձևով (նոյեմբերի 12) Անվտանգության խորհուրդը տագնապով նշել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումն ու ռազմական գործողությունների ծավալումը, և որպես հետևանք ու պատասխան, հայկական ուժերի կողմից Զանգելանի շրջանի և Հորաղիզ քաղաքի գրավումը։


Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles