
«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին». ԼՂՀ ՊՆ:
Ուղղաթիռի անկման վայրը և ամբողջ առաջնագիծը հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ է, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։ «Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին»,- հաղորդում են ԼՂՀ ՊՆ-ից:
Արցախի պաշտպանական գերատեսչությունն ընդգծում է, որ վերջին շրջանում շփման գծի ամբողջ երկայնքով շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները:
«Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես նոյեմբերի 12-ին շփման գծի արևելյան հատվածում՝ թշնամու կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ: Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
Ակնարկ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները:
Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարել էին, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով հանդես գալ միջնորդի դերում` խփված ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին հանձնելու հարցում: Ադրբեջանի ՊՆ-ն էլ նոյեմբերի 18-ին հայտարարել էր, թե «թույլ կտա խոցված ուղղաթիռի հայ օդաչուների դիերը վերցնել, եթե հարկ համարի»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 19-ին հանդես են եկել հայտարարությամբ` Ադրբեջանին կոչ անելով թույլատրել դուրս բերել զոհերի մարմինները: