Նոյեմբերի 9-ին Իսպանիայի ամենազարգացած շրջաններից մեկում՝ Կատալոնիայում, անցկացվում է անկախության հարցով ոչ պաշտոնական հանրաքվե, հաղորդում է BBC-ն:
Սեպտեմբերի 19-ին շրջանային դատարանը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել հանրաքվեի անցկացմանը: Իսպանիայի Սահմանադրական դատարանն այս որոշումը երկրի Սահմանադրությանը հակասող է ճանաչել:
Այդուհանդերձ, Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը պնդել է խորհրդանշական քվեարկության անցկացմանը և կենտրոնական իշխանությանը զգուշացրել զերծ մնալ այն խոչընդոտելու փորձերից` դրանք համարելով «ուղղակի հարձակում ժողովրդավարության վրա»:
Հարցումն իրականացվում է մոտ 40 հազար կամավորների կողմից` առանց պետական ֆինանսավորման:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ավելի վաղ ընդգծել է, որ հարցման ցանկացած ելք չի ենթադրի գործնական հետևանքներ, «առողջ բանականության» կոչ է արել կատալոնացիներին և խոստացել Սահմանադրության շրջանակում շրջանի ինքնավարության ընդլայնման վերաբերյալ բանակցություններ անցկացնել:
Կատալոնիան Իսպանիայի առավել զարգացած շրջաններից մեկն է, և այստեղ անկախության կոչերը վաղուց են հնչում։ 2013թ․ սեպտեմբերի 11-ին կատալոնացիները կազմել էին կեսմիլիոնանոց կենդանի շղթա՝ հանուն շրջանի ինքնորոշման։
Կատալոնիային բաժին է ընկնում Իսպանիայի ՀՆԱ-ի մոտ 1/4-ը։ Ընդ որում՝ կատալոնացիներին դժգոհեցնում է այն, թե Մադրիդն ինչպես է տնօրինում հարկերը և ինչ մասնաբաժին է հետ վերադարձնում ինքնավարության բյուջե։