Ստամբուլի քաղաքապետարանը «Եվրոպական կանաչ մայրաքաղաք 2017» մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել՝ չնայած քաղաքում իրականացված մասշտաբային նախագծերին, որոնք հանգեցրել են կանաչապատ հսկայական տարածքների ոչնչացմանը:
Ինչպես հաղորդում է Եվրահանձնաժողովի կայքը, Ստամբուլը կմրցի 11 քաղաքների հետ, որոնց թվում՝ Բուրսան (Թուրքիա), Քաշքաիշը (Պորտուգալիա), Քորքը (Իռլանդիա), Էսսենը (Գերմանիա), Հերթգենբոխը (Նիդեռլանդներ), Լահթին (Ֆինլանդիա), Լիսաբոնը (Պորտուգալիա), Նիյմեգենը (Նիդեռլանդներ), Փեքսը (Հունգարիա), Պորտուն (Պորտուգալիա), Ումեան (Շվեդիա):
Մրցույթում հաղթող կճանաչվի այն քաղաքը, որը կառաջարկի «նորարարական լուծումներ բնապահպանական մարտահրավերներին»՝ սահմանելով բարձր չափորոշիչներ քաղաքային կայուն զարգացման մեջ, ավելին, Հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ չափանիշներից մեկն էլ այն է, որ «քաղաքը լսում է իր քաղաքացիների ցանկությունները»:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացվել այն ժամանակ, երբ Թուրքիայում բողոքի ձայն են բարձրացրել բնապահպանական միությունները՝ ընդդեմ Ստամբուլում երրորդ կամրջի և երրորդ օդանավակայանի կառուցման նախագծերի, որոնք ենթադրում են միլիոնավոր ծառերի հատում:
2013թ. Թուրքիան ցնցեց բողոքի մեծ ալիք, որը սկսվեց Գեզի զբոսայգուց: Փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ բողոքում էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի վերակառուցման և կանաչապատ տարածքների ոչնչացման դեմ:
Մրցույթի փորձագետների խորհուրդը կգնահատի դիմորդներին 12 չափորոշիչների և ցուցանիշների համապատասխան:
Ուշագրավ է, որ World Cities Culture Forum բրիտանական խորհրդատվական գործակալության տվյալներով՝ Ստամբուլ քաղաքում կանաչապատ տարածքների և զբոսայգիների գործակիցը մոտ 1,5 տոկոս է, մինչդեռ եվրոպական քաղաքներ Լոնդոնում՝ 38,4, Փարիզում՝ 9,40, Բեռլինում՝ 14,4 տոկոս: Ստամբուլի գործակիցն ավելի ցածր է, քան Շանհայում (2,6 տոկոս), Մումբայիում (2,5 տոկոս) և Սեուլում (2,3 տոկոս):
Բնապահպանական հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Պոտոչնիկը «Եվրոպական կանաչ մայրաքաղաք» մրցանակն այսպես է բնութագրել. «Մրցանակը գերազանցության նշան է այն քաղաքների համար, որոնք պահպանում են իրենց շրջակա միջավայրը»: