Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16994

Ֆաթիհ Աքինի ֆիլմը՝ հայկական հարցի մասին. Ահմեթ Հաքան

$
0
0
Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում օգոստոսի 31-ին կայացել է Գերմանիայում ծնված, ազգությամբ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ Ցեղասպանության մասին նկարահանած «Հատում» (The Cut) ֆիլմի միջազգային պրեմիերան։ Այս կապակցությամբ թուրք հայտնի սյունակագիր Ահմեթ Հաքանը սյունակ է գրել՝ «Ֆաթիհ Աքինի ֆիլմը՝ հայկական հարցի մասին» վերնագրով: Ֆիլմը դիտած Հաքանը վստահ է, որ այն պետք է ցուցադրվի Թուրքիայում: Հաքանի հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:  Ես դիտել եմ Ֆաթիհ Աքինի «Հատում» ֆիլմը, և չկա որևէ պատճառ՝ ինչու այս ֆիլմը չպետք է ցուցադրվի Թուրքիայում:  Այո՛, կան անհանգստություն առաջացնող դրվագներ՝ բռնաբարություն, կոտորած: Այո՛, թուրքերի կողմից իրականացված վայրագություններն առկա են:  Սակայն այս ֆիլմը նպատակ չունի պիտակավորել կամ շահագործել այդ հարցերը: Այն չի փորձում ասել՝ «Տեսե՛ք՝ ինչ ոճրագործ են այս թուրքերը»: Ֆիլմում առկա են նաև լավ թուրքեր, կան նշաններ, որ կոտորածները պարբերական բնույթ չեն կրել: Ֆիլմում հղումներ կան, որ ջարդերի ու վայրագությունների մեծ մասն իրականացվել է դասալիքների կողմից: Ֆիլմը նաև ցույց է տալիս, թե ինչպես են թուրքերը արաբական հողերը լքելիս ենթարկվել հարձակումների: Ֆիլմի որոշ դրվագներ աղաղակում են այն մասին, որ դաժանությունն ու բռնությունը ազգություն չեն ճանաչում: Ֆիլմն, անշուշտ, ունի թերություններ: Ամենամեծն այն է, որ ժապավենում չի ասվում և ոչ մի խոսք այն մասին, թե ինչու ժամանակի Օսմանյան վարչակազմը սկսեց այդ անընդունելի գործողությունները հայերի դեմ: Ֆիլմում ամեն ինչ սկսվում է 1915թ.:  Ռեժիսոր Ֆաթիհ Աքինն այս թերության մասին ասաց. «Ես չեմ ստեղծել ֆիլմ ցեղասպանության մասին: Ես պատմում եմ մարդինցի մի դարբնի մասին, որը տեղեկացված չէ քաղաքական անցուդարձից: Ես դեպքերին նայել եմ նրա տեսանկյունից: Նրա համար ամեն ինչ սկսվել է 1915թ., դա է պատճառը, որ այդտեղից եմ սկսել»: Ֆիլմի միայն առաջին 40 րոպեներն են ցույց տալիս հայերի դեմ թուրքերի գործած բռնությունները: Մնացած մասը կենտրոնացած է մի մարդու վրա, որը փնտրում է իր ընտանիքը, ուղևորություն, որն սկսվում է Մերձավոր Արևելքում և տանում-հասցնում Կուբա ու Միացյալ Նահանգներ:  Կարող ենք ասել՝ այս ֆիլմն ավելի շատ «որոնող ֆիլմ է»: Ֆիլմի անգլերեն անվանումն է The Cut: Այն կթողարկվի Թուրքիայում՝ Kesik խորագրով:  Ալժիրական ծագում ունեցող ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը շատ լավ մարմնավորել է մարդինցի հայ դարբնին: Ֆիլմում գլխավոր դերակատարներից է նաև ազգությամբ հայ Գևորգ Մալիքյանը, որը ծնվել է Դիարբեքիրում: Ֆիլմի երաժշտությունն էլ շատ լավն է: Ամբողջ ֆիլմի ընթացքում շատ են հնչում հայկական ռեքվիեմներ և օրորոցայիններ:  Այս ֆիլմը շատ է տարբերվում Աքինի մյուս աշխատանքներից: Այն ունի էպիկական ոճ, որը հուզում է քեզ, ստիպում մտածել: Նա փորձել է ստեղծել Ռոման Պոլոնսկու «Դաշնակահար» ֆիլմի պես ժապավեն, սակայն, իմ կարծիքով, այդ փորձը ձախողված է: Ֆիլմի տևողությունն է 2 ժամ 28 րոպե: Այն թանկ ֆիլմ է՝ մոտ 15 մլն դոլար արժողությամբ, ինչը երեք անգամ ավելի թանկ է, քան ռեժիսորի վերջին ֆիլմը: Այդուհանդերձ, բեմադրությունը, հանդերձանքը կատարյալ են:  Ֆիլմում բոլոր հայերը խոսում են անգլերեն: Թուրքերը, ընդհակառակը, խոսում են թուրքերեն: Արաբներն էլ՝ արաբերեն, սակայն փաստը, որ հայերը խոսում են անգլերեն, նախապաշարմունք է ստեղծում ֆիլմի հենց սկզբից: Ֆաթիհ Աքինն ասում է, որ հայերը ֆիլմում անգլերեն են խոսում տեխնիկական պատճառներով: Փառատոնի հանդիսատեսին դուր եկավ ֆիլմը: Ավարտից հետո մարդիկ երկար ծափահարում էին: Իմ կողքին նստած մի հայ կին ամբողջ ֆիլմի ընթացքում անդադար արտասվում էր: Կինոքննադատներն, այդուհանդերձ, այնքան էլ չհավանեցին ֆիլմը: Հանդիսատեսներից մեկը Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքն էր: Ես հարցրեցի, թե ինչ կարծիք ունի: Նա ասաց. «Այն հուզիչ էր: Ես լացել եմ ամբողջ ընթացքում: Ամեն ինչ գեղեցիկ է պատկերվել, դերասաններն էլ հրաշալի էին: Հուսով եմ՝ այս ֆիլմը մարդկանց մոտ ապրումակցում կարթնացնի»:  «Գերմանական մամուլը գրում և եզրակացնում է, որ ֆիլմը չի ցուցադրվի Թուրքիայում, որ թուրքերը չեն թույլատրի: Մենք չպետք է հաստատենք այդ մեկնաբանությունները: Ֆիլմը պետք է թողարկվի Թուրքիայում»,- ասաց Ֆաթիհ Աքինը:  Թուրքիայում ֆիլմի թողարկման մասին ռեժիսորը նաև ասաց. «Սա կինո է… Թող մարդիկ այն դիտեն, նոր արձագանքեն: Նրանք, ովքեր այն չեն հավանի կամ կընդդիմանան, թող խոսեն այդ մասին: Սակայն նախապաշարմունքը՝ առանց դիտելու, չպետք է լինի միակ շարժիչ ուժը: Սա է իմ միակ ցանկությունը»:  ՍիվիլՆեթը զրուցել է «Հատում» ֆիլմի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի հետ: Հարցազրույցը՝ շուտով:

Viewing all articles
Browse latest Browse all 16994

Trending Articles