Հայտնի է, որ մենք աշխարհում քրիստոնեություն ընդունած միակ ազգն ենք, որի մենթալիտետը մահմեդական է։ Մենք հավանաբար նաև հետխորհրդային միակ քրիստոնեական երկիրն ենք, որն այդպես էլ կոմունիստական (աթեիստական) քաղքենիությունից դուրս չեկավ։ Հինգ հազար դրամը հասարակ քաղաքացու համար ոչ միայն «պայքար» է աղքատության դեմ, այլև` սեփական որևէ գաղափար չունենալու խոստովանություն։ Քաղքենիությունը հենց սեփական խելքի բացակայության մասին անպայման բարձրաձայն արվող հայտարարությունն է։ Դեռ ոչինչ, որ գյումրեցի առաջին դասարանցիներին դպրոցի տնօրենը ստիպել է կարմիր փողկապ կապել։ Փողկապը՝ ոչինչ, երեկ այն պիոներություն էր խորհրդանշում, վաղը կարող է անկախության պայքար խորհրդանշել, նայած, թե ինչպես եք դնում հարցը։ Ի վերջո, հարցը դնողը մարդիկ են, ոչ թե՝ աստվածները։ Ոչինչ նաև, որ պիոներական գործող կամ չգործող անցյալ ունեցող ծնողները ծպտուն չհանեցին իրենց փոքրիկների վզին խորհրդային պատմության այդ կտորը փաթաթելու համար։ Դա վզկապ է, որը կարող է նույնիսկ գործող արժեքների դեմ ըմբոստություն ենթադրել, եթե դպրոցի ՀՀԿ-ական տնօրենը դեմ է ՀՀԿ-ին ու երևակայությունը չի հերիքել երեխաներին չվերաբերող իր քաղաքական ըմբոստությունն այլ կերպ արտահայտել։ Այս ամենը՝ ոչինչ։ Հիշո՞ւմ եք երեխային, որը Հովիկ Աբրահամյանի պատվին ոտանավոր կարդաց։ Երեխայի դաստիարակները մի յուրատեսակ «Աքիլեսին Հոմերն երգեց, Ռոստամ Զալին՝ Ֆիրդուսին» («Ստալին», հեղինակ՝ Նաիրի Զարյան) ձոն էին դրել նրա բերանը Համո Սահյանի մի ոտանավորի «հետքերով»։ «Սարսափը հեգնելով կանգնել հողմի դեմ ճակատ ճակատի»։ Այս տողը, ուրեմն, Համո Սահյանը գրել է Հովիկ Աբրահամյանի մասին, որովհետև ձոնի ամեն քառատողն ավարտվում է «այս ամենը միայն մեր վարչապետին է վայել»։ Այ սա չենք հասկանա՝ երբ երեխան ոչ թե պիոներական վզկապ է կապում, այլ դառնում է իր կարդացած ձոնի «էությունը»։ Իսկ ի՞նչ անել, որ բոլոր երեխաները դառնան այս փոքրիկի նման։ Շատ բան պետք չէ։ Չէ՞ որ այդ դպրոցի տնօրենը և գրականության դասատուն շարունակում են պաշտոնավարել։ Այսինքն, նրանք հաստատուն գոյություն են։ Վաղ թե ուշ դպրոցական բոլոր երեխաները կանցնեն համահարթեցման նույն մսաղացով, որը ՀՀԿ-ի հաղթարշավն է։ Սեպտեմբերի 1-ին դպրոցներից մեկի ուսուցչուհին խոնարհվում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առջև։ Հասկանո՞ւմ եք, վատ բան չի անում, եթե այդպիսով ամփոփում է կրթության ապաքաղաքականացման արդյունքները, ըստ որի` դպրոցի տնօրենը համառորեն ՀՀԿ-ական չի դառնում, «Բազեն» բյուջե չի կողոպտում, Հովիկ Աբրահամյանի փեսան «Զվարթնոց»-ի մաքսատան պետ չի նշանակվել, իսկ Սերժ Սարգսյանն էլ ստեղծել է քաղաքացիական և քաղաքական կառավարման մի համակարգ, որտեղ ինքն ու Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտան նույն թեթևությամբ, ինչ թեթևությամբ պաշտոն են ստանձնել։ Վատ բան չի անում, եթե խոնարհումը կրթության եղանակներից մեկն է։ Բայց սրանցից ոչ մեկը իրականություն չէ։ Նշանակում է, ուսուցչուհին դպրոցի մի անկյունում նույն պահին պատրաստում է աշակերտների այն «համքարությունը», որը վաղը Գալուստ Սահակյանին կամ մեկ ուրիշին դիմելու է «Սարսափը հեգնելով կանգնել հողմի դեմ ճակատ ճակատի»։ Նկատի ունեցեք, այս ամենը տեղի է ունենում Մովսես Գորգիսյանի «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» խոսքերից 25 տարի հետո։ 25 տարի հետո իշխող կուսակցությունը ասոցացվում է մարդակերների հետ, իսկ բուհերում գոյության «նորաձևություն» են թելադրում սաքուլիկները։ 25 տարի հետո Թեղուտի անտառները գոյություն չունեն և հերթը Ամուլսարինն է։ 25 տարի հետո Հայաստանի ամենակայացած արժեքը մնում է բանակը, այսինքն, այն, ինչ արդեն կայացած էր գոնե անկախության առաջին օրերին։ Ընկերներ, մենք, ի վերջո, կարող ենք մեր երեխաներին դպրոց չուղարկել և չստանալ նրանցից «ձեր պատկերով և նմանությամբ» մարդիկ։ Բայց մենք կորցրել ենք կողմնորոշումը, թե որտե՞ղ նրանք չեն կարող լինել ձեր նման։ Չէ՞ որ մենք արդեն չենք քննարկում հինգ հազար դրամի ողորմությունը մեկ քվեի համար։ «Սաքուլիկներն» արդեն մեր էության մեջ են, ինչ անում ենք, դառնում է «սաքուլիզմ»։ Մենք չենք զարմանում, երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե «սահմանադրական բարեփոխումների» մասին կարտահայտվի, երբ կավարտվեն քննարկումները։ Ո՞վ է քննարկում, ինչո՞ւ է քննարկում, որտե՞ղ է նա տեսել այդ քննարկումները, ովքե՞ր են այդ քննարկումների մասնակիցները։ Ես տեսել եմ, թե ովքեր են։ Նրանք ամենավերևից թքած ունեն այդ քննարկումների վրա, եթե սոված չեն մնալու։ Հասկանո՞ւմ եք, նրանք արդեն ում որ պետք է ձոնել են՝ սարսափը հեգնելով կանգնել ես հողմերի դեմ ճակատ ճակատի։ Որովհետև չեն հավատում` ո´չ իրենք, ո´չ դուք մեկ ամբողջական օրգանիզմի մաս չեք։ Էդ օրգանիզմում հավատի համար տեղ չկա, էդ օրգանիզմի միակ առողջ տեղը ներվը հեռացրած ատամն է։ Էդ օրգանիզմը դպրոցի ճամփան մեռելատնից չի տարբերում, ընկերներ, խոնարհվում է ում պատահի, որտեղ պատահի։
↧