Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17034

Էրդողանը դիմել է Թուրքիայի քաղաքացիներին

$
0
0
Թուրքիայի նախագահական ընտրություններում նախնական արդյունքներով հաղթած` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության Անկարայի կենտրոնական գրասենյակի պատշգամբից օգոստոսի 10-ին երկարաշունչ ճառով դիմել է հավաքված բազմությանը: Ի տարբերություն մարտի 30-ի տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո ունեցած ելույթի, որտեղ սպառնալիքներ էր հնչեցրել իր հակառակորդների հասցեին, Էրդողանի այս ելույթը պարուրված էր հասարակական համերաշխություն հաստատելու ոգով: Anadolu գործակալությունում և Zaman թերթում տեղ գտած ելույթի որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև: Պատմական այս օրը` ժողովրդավարության և ժողովրդի կամքի հաղթական այս երեկոյին, սրտանց և սիրով ողջունում եմ ձեզ: Երախտագիտություն եմ հայտնում իմ սիրելի ժողովրդին` ինձ Թուրքիայի Հանրապետության 12-րդ նախագահ ընտրելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում քվեարկության գնացած իմ եղբայրներին: Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր քաղաքացիներին, որոնք թեպետ ինձ ձայն չեն տվել, սակայն օգտագործել են իրենց ձայնը` պատմություն կերտելով և պատմություն գրելու մեջ ներդրում ունենալով: Եղբայրնե՛ր, այս ընտրություններում հաղթողը Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէ: Այսօր մեկ անգամ ևս  հաղթանակել է ժողովրդի կամքը: Այսօր ժողովրդավարությունը մեկ անգամ ևս հաղթանակեց Թուրքիայում: Այսօր  հավասարապես հաղթել են թե՛ ինձ ձայն տվողները և չտվողները, թե՛  ինձ սիրողներն ու չսիրողները: Այսօր հաղթել է Թուրքիայի 77 միլիոն բնակչությունը և երկրի 81 քաղաքները:  Անտարակույս, այսօր հաղթել է նոր Թուրքիան, մեծ Թուրքիան և առաջնորդ Թուրքիան: Իմ եղբայրնե՛ր, այսօր հաղթել է ոչ միայն Թուրքիան, այլև Բաղդադը, Իսլամաբադը, Քաբուլը, Բեյրութը, Սարաևոն, Սկոպիեն, Դամասկոսը, Հալեպը, Համան, Հոմսը, Ռամալլահը, Նաբլուսը և Երուսաղեմը: 2002թ. նոյեմբերի 3-ին, երբ ժողովրդի կուսակցությունը [«Արդարություն և զարգացում»-ՍիվիլՆեթ] իշխանության եկավ, մեջլիսն ու ժողովուրդը միավորվեցին: Այսօր իսկապես ընտրված նախագահը կվերացնի բոլոր արգելքները Չանքայա նախագահական պալատի և ժողովրդի միջև: Բոլորս նույն նախնիի, մշակույթի, քաղաքակրթության և պատմության որդիներն ենք:  Քաղաքական հայացքները, կենցաղը, կրոնը, դավանանքը, արժեքները, էթնիկ ծագումը և լեզուն կարող է տարբեր լինել, սակայն մենք բոլորս այս երկրի զավակներն ենք: Մենք բոլորս այս երկրի տերն ենք: Մուսուլմանից, քրիստոնյայից, հրեայից, ասորիից, եզդիից առաջ գոյություն ունի Թուրքիայի քաղաքացին, սուննիից առաջ գոյություն ունի Թուրքիայի քաղաքացին: Թուրքից, քրդից, արաբից, լազից, վրացուց, բոսնիացուց, չերքեզից, գնչուից, հույնից ու հայից առաջ գոյություն ունի Թուրքիայի քաղաքացին: Այժմ, ես իմ առջև տեսնում եմ և՛ գլխաշորով և՛ գլխաբաց մարդկանց, ինչը նշանակում է միասնության մեջ բազմազանություն և բազմազանության մեջ` միասնություն: Ինձ ձայն չտվողները, իմ օգտին չքվեարկողները, ինձ չսիրողներն այս ընտրության ընթացքում չեն պարտվել, այսօր նրանք էլ են հաղթել: Իմ եղբայրնե´ր, ասում եմ ի սրտե, եկե´ք այսօր նոր հասարակական համերաշխության գործընթացի սկիզբը դնենք:  Ուզում եմ հին վեճերը հին Թուրքիայում թողնել: Ոչ միայն ինձ ձայն տվողների, այլև ամբողջ 77 միլիոնի նախագահն եմ լինելու: Ինչպես իմ ամբողջ քաղաքական պայքարի ընթացքում, այնպես էլ այժմ, կլինեմ մի նախագահ, որը աշխատելու է իր երկրի, իր ազգի ու դրոշի համար: Էրդողանը ելույթում չի հիշատակել գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին, որը հայտարարել է, որ պաշտոնավարության ժամկետը լրանալուց հետո կվերադառնա իր հարազատ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Բացի այդ` Էրդողանն իր ելույթում չի նշել Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը, ինչ թուրքական որոշ շրջանակներում զայրույթի պատճառ է դարձել: Էրդողանը նաև կոչ է արել «խաբված» գյուլենականների վերադառնալ Թուրքիա: Թուրքիայի նորընտիր նախագահը տեղեկացրել է, որ Գազայում վիրավորված մարդիկ կտեղափովեն Թուրքիա և տեղի հիվանդանոցներում բուժում կստանան:  

Viewing all articles
Browse latest Browse all 17034

Trending Articles