Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Քաղաքապետը հաշվետու է հարկատուին. Գլենդելի քաղաքապետ

$
0
0
Քաղաքային տնտեսության և քաղաքային կառավարման մասին ՍիվիլՆեթի հետ զրուցել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: «Մինչև տնտեսական ճգնաժամը Գլենդելի քաղաքապետարանը ուներ ավելի քան 1900 աշխատակից: Մենք այժմ ունենք 1600 աշխատակից և աշխատում ենք այն ուղղությամբ, որ մինչև հաջորդ տարվա վերջ ունենանք 1500-ը: Չնայած դրան՝ քաղաքի բնակիչներին մատուցվող ծառայությունները չեն պակասել: Ճգնաժամային պայմաններում իրականությունը մեզ ստիպեց օպտիմալացնել աշխատակազմը և արդյունքում՝ ավելի քիչ գումարով նույն ծառայությունը մատուցել բնակիչներին»,- ասել է Սինանյանը՝ հստակեցնելով, որ քաղաքապետը հաշվետու է ոչ թե բյուրոկրատիայի, այլ հարկատուի առաջ և պետք է հնարավորինս արդյունավետ ծախսի նրա փողերը: Գլենդելի քաղաքապետը փորձում է նպաստել նաև քաղաքում ձեռնարկատիրության զարգացմանը: Այդ նպատակով կատարված քայլերից առաջինը օրենսդրական բազայի փոփոխությունն է, քաղաքի օրենսդրությունն ավելի ճկուն դարձնելը: Սինանյանի խոսքով՝ օրենսդրությունը ժամանակ առ ժամանակ լրամշակման է ենթարկվում: «Ընդունված օրենքները վերջնական չեն: Եթե ժամանակը ցույց է տալիս, որ ընդունված օրենքը օպտիմալ չէ, բարելավում ենք այն: Երկրորդ սկզբունքը քաղաքապետարանի աշխատակազմի հետ տարվող անընդհատ աշխատանքն է: Աշխատակիցները պետք է հասկանան, որ եթե իրենք վարձատրվում են բնակիչների և Գլենդելում գործող բիզնեսների մուծած տուրքերի շնորհիվ, պետք է լսեն այդ բնակիչներին և բիզնեսներին: Եթե որևէ մեկը տրամաբանական մի բան է ասում, ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա ամենաբարձր մակարդակով լուծվում է: Եթե որևէ բիզնես դիմում է քաղաքային ղեկավարությանը, ամեն ինչ արվում է օրենքի սահմանում գործը հաջողությամբ ավարտելու համար»,- նշել է նա: Երրորդ կարևոր սկզբունքը, ըստ քաղաքապետի, անձնական ջանքերն են, այսինքն՝ ինքն անձամբ հանդիպումներ է ունենում ձեռնարկատերերի հետ և շահագրգռող առաջարկներ ներկայացնում: Անդրադառնալով քաղաքի ճարտարապետական խնդիրների լուծմանը՝ Զարեհ Սինանյանը ընդգծել է. «Ճարտարապետական խնդիրը այնքան կարևոր և լուրջ է մեզ համար և այնքան մեծ է հասարարակական հետաքրքրվածությունը, որ մենք ունենք երեք հանձնախումբ, որոնք զբաղվում են այդ խնդրի տարբեր ասպեկտներով, և նրանց շնորհիվ հասարակությունը իրեն պաշտպանված է զգում քաղաքային ղեկավարության գործողություններից, քաղաքական որոշումներից»: Ըստ նրա՝ մեծ դերակատարություն ունի նաև պատմական հուշարձանների պահպանության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունը, որի «պատնեշը հաղթահարելը» հեշտ չէ: Գլենդելի քաղաքապետի խոսքով՝ ցանկացած խնդիր այնքան է քննարկվում, որ հասարարկական դժգոհությունն էլ է դրա արդյունքում նվազագույնի հասցվում: 200 հազար բնակչություն ունեցող Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի 40 տոկոսը հայեր են: Քաղաքի տարեկան բյուջեն շուրջ 1 մլրդ դոլար է: Զարեհ Սինանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles