Հունգարիան կպաշտպանի իր շահերը Եվրամիության ներսում և ինքնավարություն է ցանկանում էթնիկ հունգարների համար, որոնք ապրում են իր սահմաններից դուրս՝ կենտրոնական Եվրոպայում, ներառյալ՝ Ուկրաինայում, հայտարարել է Հունգարիայի վարչապետը։ Վիկտոր Օրբանը, որին խորհրդարանը մայիսի 10-ին պաշտոնապես հաստատել է վարչապետի պաշտոնում հերթական ժամկետի համար, վերընտրվելուց հետո առաջին անգամ ելույթ ունենալով խորհրդարանում՝ ասել է, որ էթնիկ հունգարներն աջակցում են ազգը «սահմաններից դուրս» միավորման իր քաղաքականությանը։ «Մենք հունգարական հարցը դիտարկում ենք որպես եվրոպական հարց։ Հունգարները, որոնք ապրում են Կարպատյան ավազանում, ունեն երկքաղաքացիություն ունենալու իրավունք, համայնքային իրավունք և նաև ինքնավարության իրավունք»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետը։ Շատ հունգարացիներ 1920թ․ Տրիանոնի պայմանագիրն այսօր դիտարկում են որպես ազգային ողբերգություն, քանի որ այն խլեց երկրի տարածքի 2/3-ը, և միլիոնավոր էթնիկ հունգարներ հայտնվեցին ներկայիս Ռումանիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և Սերբիայի տարածքում։ Օրբանը Հունգարիայում ժողովրդականություն է ձեռք բերել՝ շնորհիվ երկրի սահմաններից դուրս բնակվող հունգարների աջակցության իր քաղաքականության։ Թեև նա երբեք չի բարձրացրել կորսված տարածքները Հունգարիայի հետ վերամիավորելու հարցը, նրա մի շարք հայտարարություններ մտահոգում են կառավարություններին հարևան որոշ երկրներում։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ էթնիկ հունգարների խնդիրը հատկապես ակտուալ է՝ պայմանավորված հարևան Ուկրաինայում տիրող իրադրությամբ, որտեղ ապրում են մոտ 200 հազ․ էթնիկ հունգարներ, որոնք ունեն Հունգարիայի քաղաքացիության և ինքնավարության իրավունք։ «Սա մեր հստակ ակնկալիքն է նոր Ուկրաինայից, որն այժմ ձևավորվում է»,- ասել է Վիկտոր Օրբանը՝ հավելելով, որ Հունգարիան աջակցում է Ուկրաինայի նոր վարչակարգին ժողովրդավարական պետություն կառուցելու իր ջանքերում։ Խիզախ մտածելակերպ Օրբանը խոստացել է նաև շարունակել իր նախորդ կառավարության քաղաքականությունը և ասել է, որ այն հիմնված է լինելու «բաց երկխոսության և խիզախ մտածելակերպի» վրա, երբ խոսքը միջեվրոպական հարաբերությունների մասին է։ Նա ասել է, որ Հունգարիան կա և անկասկած կմնա ՆԱՏՕ-ի և Եվրամիության մի մասնիկը, և որ իր կառավարությունը ԵՄ-ից դուրս գալու ցանկացած ծրագիր դիտարկում է որպես վտանգավոր վերջաբան։ «Սակայն մենք այս դաշինքների անդամն ենք, այլ ոչ թե պատանդը,- ասել է նա։ – Մենք ցանակնում ենք Եվրոպա, որը հարգում է իր սեփական արմատները, հարգում է քրիստոնեությունը ու նաև ըստ արժանվույնս հարգում է առանձին ազգերին»։
↧