Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Եռակողմ մաքսային հանդիպում` Երևանում

$
0
0
Մաքսային միությանն անդամակցության շրջանակում մայիսի 13-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձևակերպումների առանձնահատկությունները: Ինչպես հաղորդում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, եռակողմ ձևաչափն ընտրվել է երեք պետությունների սահմանային անցակետերով ապրանքների տեղաշարժն արագ և առանց բարդությունների կազմակերպելու նպատակով: Կողմերը որոշում են կայացրել սահմանահատման ընթացակարգերի հստակեցման և պարզեցման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու և համատեղ լուծումներ առաջարկելու նպատակով աշխատանքային մասնագիտացված խմբեր ձևավորել և երկրներից յուրաքանչյուրի մաքսային ծառայության տեսանկյունից կարգավորման ենթակա խնդիրների ցանկը ներկայացնել համատեղ քննարկման: «Պայմանավորվեցինք շատ կարևոր` տեղեկատվության փոխանակման տեխնոլոգիաների կատարելագործման և նախնական հայտարարագրման գործընթացում համակարգված աշխատելու մասին, որպեսզի, նախքան սահմանահատումը, անհրաժեշտ տեղեկատվությունը լինի մաքսային կետերում, ինչն ավելի դյուրին կդարձնի սպասարկումը»,- ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն ասել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ՄՄ լիիրավ անդամ և այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են. «Այսօր մենք զուտ տեխնիկական բնույթի հարցեր ենք քննարկել: Հայաստանի` ՄՄ անդամակցության գործընթացում չկա ոչ մի խոչընդոտ: Մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում ենք»: Անդրեյ Բելյանինովն առաջարկել է մեկամսյա ժամկետում ամփոփել խմբի աշխատանքի արդյունքները` շեշտելով, որ Հայաստանը, Ռուսաստանը և Վրաստանը ունեն համապատասխան ներուժ` ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Գվարամադձեն ներկայացված բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ավարտին Հայաստանի ֆինանսների նախարարի և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի ստորագրած փոխգործակցության կարգով հստակեցվել է Ռուսաստանից չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը և ընդունվել են տուրքի կիրառման պարզեցված ընթացակարգեր: Նախագահի ապրիլի 30-ի հրամանագրով` կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն միացվել էր ֆինանսների նախարարությանը: Մինչև ֆինանսների նախարար նշանակվելը Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարում էր Գագիկ Խաչատրյանը:

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles