Եվրախորհրդարանի երկու անդամ հարցում են ներկայացրել Եվրախորհրդարան (ԵԽ)՝ կապված Եվրոպական Միության թեկնածու երկիր Թուրքիային տրամադրված ֆոնդերի չարաշահման մեղադրանքների հետ. դրանք նախատեսված են մշակութային երկխոսության ու համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի համար, հաղորդում է Today’s Zaman-ը: ԵԽ դանիացի անդամ Մարիետյե Շաակեն և բրիտանացի անդամ Էնդրյու Դաֆը խորհրդարանական հարցում են ներկայացրել՝ հետաքննելու Թուրքիայում ԵՄ ֆոնդերի չարաշահման հետ կապված հարցը: «Դեկտեմբերից ի վեր զարգացումները բացահայտեցին թուրքական հանրության խորը պառակտվածությունը և օրենքի գերակայության ու իշխանությունների տարանջատման հետ կապված հիմնարար խնդիրները»,- ասված է հարցման մեջ: Խորհրդարանական հարցման մեջ ասված է նաև, որ ԵՄ ծրագրերի ու Նախաանդամակցության օժանդակության գործիքի շրջանակում Թուրքիան գումարներ է ստանում ԵՄ-ից՝ կառույցի չափանիշներին մոտենալու համար բարեփոխումների իրականացման նպատակով: Հարցման մեջ նաև նշված է, որ մարտին Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Թուրքիա փոխանցված ֆոնդերի աուդիտ է սկսել՝ հիմնվելով մեղադրանքների ու խախտումների վրա: Եվրոպական Միության հետ կապերի հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը կասկածվում է ԵՄ ֆոնդերի և նախարարությանը կից Ազգային գործակալությունում աշխատանքի տեղավորման հարցերում չարաշահումներ թույլ տալու մեջ՝ այսպիսով վտանգելով գործակալության գործունեության համար տրամադրվող միջոցները: Նախարարությանը կից Ազգային գործակալությունում տեղ գտած կոռուպցիոն դեպքերի մասին հայտնի է դարձել այդ ժամանակ գործակալության նախագահ Մուսա Ջեյլանի՝ 2013թ. մարտի 9-ի էլեկտրոնային նամակից, որում նա նշում է Բաղըշի՝ օրենքին հակասող հանձնարարականները: Ջեյլանը գրել է, որ որպես գործակալության նախագահ կրկնում է, որ «գործակալությունը չի կարող կատարել նախարարի հանձնարարականները, քանի որ դրանք հակասում են կառույցի կանոններին»: Հրապարակված նամակի հիման վրա Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել: Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնագրի 27-րդ հոդվածի համաձայն՝ Եվրահանձնաժողովը իրավունք ունի հետաքննություն սկսել իր կողմից հատկացվող ֆոնդերի ապօրինի կառավարման կասկածանքով:
↧