Հռոմում 51 տարեկանում սրտի կաթվածից մահացել է ամերիկացի դերասան Ջեյմս Գանդոլֆինին, որը հայտնի է «Սոպրանոները» ֆիլմում իր գլխավոր դերով, հաղորդում է Daily Mail-ը: Իտալիայի մայրաքաղաքում դերասանն անցկացնում էր իր հանգիստը, որից հետո մտադիր էր մեկնել Սիցիլիա կինոփառատոնին մասնակցելու համար: Ջեյմս Գանդոլֆինին հայտնի է «8 միլիմետր» (1999), «Մեքսիկացի» (2001), «Մարդ, որը չի եղել» (2001), «Միայնակ սրտեր» (2006), «Կազինոյի թալանը» (2012) և «Թիվ մեկ թիրախը» (2012) ֆիլմերում իր դերերով: Դերասանին համաշխարհային հռչակ է բերել Թոնի Սոպրանոյի դերը «Սոպրանոները» սերիալում, որը ցուցադրվել է 1999-2007թթ.: Այդ դերի համար Գանդոլֆինին ստացել է երեք «Էմմի» մրցանակ: Ջեյմս Գանդոլֆինիի մենեջերներ Մարկ Արմսթրոնգն ու Նենսի Սանդերսը հաստատել են դերասանի մահվան լուրը: «Մեր սրտերը կոտրված են, շատ ենք նրան կարոտելու: Ջեյմսն ու նրա ընտանիքը երկար տարիներ մեր ընտանիքի մի մասն էին: Խորապես սգում ենք նրա մահը», – ասել են Արմսթրոնգն ու Սանդերսը: HBO մալուխային ալիքը դերասանին անվանել է «հատուկ մարդ, մեծ տաղանդ, սակայն ամենից շատ՝ մեղմ և սիրալիր մարդ, որը բոլորին վերաբերվում էր հավասար հարգանքով՝ չնայած նրանց դիրքին ու տիտղոսին»:
↧