ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը պատրաստ է առաջին անգամ այցելել Իրան: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Բարձր ներկայացուցիչն արդեն նշել է, որ ինքը մտադիր է այցելել Թեհրան՝ միջուկային ծրագրի հարցում համապարփակ համաձայնության հասնելու աշխատանքներն առաջ տանելու համար»,- նշել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Քեթրին Էշթոնը «հետաքրքրությամբ է ընդունել լրատվամիջոցների հաղորդումները՝ Իրան այցելելու հնարավոր հրավերի մասին»: Իրանական Mehr տեղեկատվական գործակալությունը, հղում անելով Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիին, հունվարի 11-ին հայտնել էր, որ Էշթոնին հրավիրել են այցելել Իրան: «Տիկին Էշթոնը արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից բաց հրավեր է ստացել այցելել Թեհրան, երբ ցանկանա»,- ասել էր Արաքչին: Ավելի վաղ ԵՄ և Իրանի ԱԳ նախարարների տեղակալներ Հելգա Շմիդը և Աբաս Արաքչին Ժնևում բանակցությունների ընթացքում «առաջընթացի էին հասել բոլոր հարցերում՝ կապված ժնևյան համատեղ ծրագրի գործողությունների իրականացման հետ»: Ժնևում Իրանի հետ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ինչպես նաև՝ Եվրոպական Միության հնգօրյա լարված բանակցությունների արդյունքում 2013թ. նոյեմբերի 24-ին պատմական համաձայնություն ձեռք բերվեց Իրանի միջուկային խնդրի շուրջ: Այն ենթադրում է Իրանի կողմից ուրանի հարստացման մինչև 5% սահմանափակում, միջազգային փորձագետներին ավելի մանրամասն ստուգումներ իրականացնելու թույլտվություն, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները պետք է մեղմացվեն:
↧