«Արմավիա» ավիաընկերությունը պետությանը կվճարի շուրջ 7 մլրդ դրամ՝ նախկինում չվճարված հարկերն ու 140 մլն դրամ պետտուրքը։ Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։ Վարչական դատարանն անցած տարվա նոյեմբերին բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության հայցն ընդդեմ «Արմավիայի»՝ հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 7 մլրդ դրամ։ Թեև կողմերը մեկամսյա ժամկետում իրավունք ունեին բողոքարկել դատարանի վճիռը՝ վերաքննության կարգով, բողոքարկման դիմում չի եղել։ Սա նշանակում է, որ 2013թ. նոյեմբերի 18-ին ընդունված որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 18-ին։ Իսկ «Արմավիայի» կողմից վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։ ՊԵԿ-ն ընդդեմ «Արմավիայի» դատարան էր դիմել անցած տարվա ապրիլի 12-ին ավիաընկերությունը հայտարարեց ապրիլի 1-ից ավիաչվերթների իրականացումը դադարեցնելու և սնանկացման գործընթաց սկսել մասին։ «Արմավիան», սակայն, այդպես էլ չդիմեց դատարան՝ սնանկ ճանաչվելու դիմումով. ընկերության դեմ հայցեր սկսեցին ներկայացնել պարտապանները։ ՊԵԿ-ի կողմից ընդդեմ «Արմավիայի» ներկայացրած հայցից երևում է, որ ընկերության պետբյուջեին պարտքեր սկսել է կուտակել դեռ 2006-ից. պարտքի զգալի մասը կազմել է ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող 10 հազ. դրամ օդի տուրքը (2009թ. մարտի վերջից ներառվել է ավիատոմսի գնի մեջ)։ Օդի տուրքի գծով ընկերության պարտքը, որը սկսել է գոյանալ 2009-ից, ընդհանուր առմամբ կազմել է 5,5 մլրդ դրամ։ Պարզ ասած՝ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որը պետբյուջե պետք է փոխանցեր մեկնողների կողմից վճարված տուրքերը, պարզապես դա չի կատարել՝ փաստացի յուրացնելով գումարը։ Անհասկանալի է միայն, թե ինչու ՊԵԿ-ը գրեթե հինգ տարի չի նկատել այս հանգամանքը և չի փորձել գումարը վերադարձնել ավելի վաղ։ «Արմավիայի» «սեփական» պարտքը պետբյուջեին կազմում է 1,5 մլրդ դրամ. մոտ 600 մլն՝ շահութահարկի գծով, և 2006-ից կուտակված 323 մլն դրամ սոցիալական ապահովագրության պարտադիր վճարներ։ Ուշագրավ է, որ «Արմավիան» պետբյուջեին իր պարտավորությունների այլ գումարներ էր ներկայացնում։ Հանրային խորհրդում անցած տարվա ապրիլի 25-ին «Արմավիայի» շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լրագրողներին բաժանված «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և «Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ» անվանումով փաստաթուղթ նշված էր, որ 2010-2012 թթ. կտրվածքով ավիաընկերությունը պետբյուջեի նկատմամբ կուտակել է 24,3 մլրդ դրամի (մոտ $60 մլն) պարտավորություններ, որից միայն 21,5 մլրդ դրամը ($53 մլն)՝ «օդի տուրքի» գծով։
↧