Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախցիներին Ամանորի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի արցախցիներ, հրաժեշտ ենք տալիս 2013-ին, մի տարի, որը եղավ հերթական կարևոր ժամանակահատվածը մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ճանապարհին: Առավելապես ստեղծարար աշխատանքով հագեցած անցնող 12 ամիսներին մեզ հաջողվեց ԼՂՀ-ում ապահովել տնտեսական զգալի աճ, լուրջ ձեռքբերումների հասնել մի շարք ասպարեզներում: Դրանք երբեմն առաջին հայացքից տեսանելի չեն, որովհետև ոչ տեղական հանգամանքներով պայմանավորված գնաճը հաճախ ստվերում է մեր շատ հաջողություններ: Հուսանք, որ սա ժամանակավոր երևույթ է, և մոտ ապագայում մեր առաջընթացը կլինի առավել շոշափելի: Կառավարության գործունեության առաջնահերթությունն է մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը, սոցիալական ապահովության և անվտանգության անշեղ ամրապնդումը: Այս ոլորտներում պետությունը կատարում է հսկայական ներդրումներ և իրագործում տասնյակից ավելի նշանակալից ծրագրեր: Մենք պետք է առաջ ընթանանք շարունակական բարեփոխումների ճանապարհով` հետ չմնալու քաղաքակրթական ընդհանուր զարգացումներից: Այդ տեսանկյունից, կարծում եմ, լավ ու ցանկալի տարի կդառնա 2014թ.: Մենք նախատեսում ենք պահանջված բարեփոխումներ աշխատավարձերի ու կենսաթոշակների համակարգերում` դրանք զգալիորեն բարձրացնելու և առավել արդարացի բաշխելու սկզբունքներով: Մեծ միջոցներ կհատկացնենք փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Մենք մշտապես հետամուտ կլինենք, որ մեր քաղաքացիները իրենց ներկան ու ապագան շաղկապված տեսնեն գերազանցապես հայրենիքի հետ և այստեղ գտնեն իրենց երջանկությունն ու կյանքի իմաստը: Արցախյան խնդրի վերջնական կարգավորումը մեզ թելադրում է սեփական հողի վրա գործել ավելի հեռատեսորեն ու նպատակասլաց: Թանկագին հայրենակիցներ, նոր տարին ընտանեկան հաճելի ու գեղեցիկ տոն է նախևառաջ: Ուստի մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում իշխեն սերն ու համերաշխությունը, բարեկեցությունն ու լավատեսությունը: Բարին ու խաղաղությունը մաղթենք մեր սիրելի Արցախին և հայկական ողջ աշխարհին: Թող Աստված հավերժ պահապան լինի մեր ժողովրդին: Ջերմ շնորհավորանքներս ձեզ` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ»:
↧