Կիևում նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման գործընթացը դադարեցնելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցները քանդել են երկաթյա պատնեշները, որոնցով շրջափակված էր Անկախության մայդանը, և գրավել են հրապարակը, հաղորդում է BBC-ն: Ակցիայի մի քանի մասնակիցներ բարձրացել են հրապարակի տոնածառի մետաղական կառուցվածքի վրա և տեղադրել Ուկրաինայի և ԵՄ-ի դրոշները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկին հայտնել է, որ հրապարակում հավաքվել է մոտ 500 հազ. մարդ: Ժողովրդական երթը, որը կազմակերպել են եվրաինտեգրման աջակիցները, ենթադրվում է, որ կլինի վերջին օրերի ամենազանգվածայինը: Հատկանշական է, որ ավելի վաղ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ կանի ամեն ինչ՝ Ուկրաինան ԵՄ-ին մոտեցնելու գործընթացն արագացնելու համար: «Կանեմ ամեն հնարավորը, ինչ ինձնից է կախված՝ թույլ չտալով մեր տնտեսության մեջ լուրջ կորուստներ և քաղաքացիների կենսամակարդակի իջեցում: Մենք եվրոպական ազգ ենք, և մեր ուղին կանխորոշված է պատմականորեն»,- ընդգծել է նախագահը: Միաժամանակ Յանուկովիչը նշել է, որ Ուկրաինան պետք է ինտեգրվի Եվրամիությանը՝ միայն որպես իրավահավասար գործընկեր՝ թույլ չտալով կորուստներ սեփական տնտեսությունում:
↧