Փետրվարի 5-ին կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր` ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:
Ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 806 հազ. դոլար է, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցումը` 749 հազ. դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 57 հազ. դոլար:
Համաձայն կառավարության հաղորդագրության` հատկացվող միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնությունները կընդգրկեն 2016թ. փետրվարի 5-ից 2017թ. ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ «կա հստակ քաղաքական կամք՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը կյանքի կոչելու համար, և նշված համաձայնագրի ստորագրումը հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներից է»: