Սեպտեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարարությունում կայացել են հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական-ռազմական ոլորտի խնդիրների շուրջ: Այս մասին հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից: Արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությոան պետ Սամվել Մկրտչյանի և ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առևտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում կայանալիք միջուկային գագաթաժողովի հետ կապված հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին և հնարավոր զարգացումներին: Բանակցությունների ընթացքում կարևորվել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացումը և համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում: Ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների պարբերաբար անցկացման նշանակությունը և համաձայնություն է ձեռք բերվել հայ-ռուսական հաջորդ քննարկումներն անցկացնել Մոսկվայում 2013թ. դեկտեմբերին: Հայ-ռուսական քաղաքական խորհրդակցությունների մասնակիցների հետ հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:
↧