Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու. ՊՆ փոխնախարար

$
0
0
Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ: ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցեր: Դավիթ Տոնոյանը մասնավորապես մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, և որ առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ իրավասու մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների հարցերով միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս ոչ մի կերպ չեն արձագանքում ադրբեջանական ամենաթողությանը: «Հակոբ Ինջիղուլյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած «հարցազրույցը» չդատապարտվեց ոչ մի միջազգային կազմակերպության կողմից, որից օգտվելով ադրբեջանական իշխանությունները նոր «հարցազրույց» անցկացրեցին, որի նպատակն է կասեցնել ՀՀ քաղաքացու վերադարձը: Պարզ է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից բարոյահոգեբանական և չի բացառվում՝ նաև ֆիզիկական ճնշում է գործադրվում Հակոբի վրա, ստիպելով նրան հանդես գալ հակասական հայտարարություններով: Դա համատարած անտարբերության պատճառով սպասելի գործելաոճ է: Իսկ Հակոբ Ինջիղուլյանի կարծիքը կարող է հաշվի առնվել միայն այն դեպքում, եթե ապահովվեր ազատ, անկաշկանդ ու չուղղորդված արտահայտվելու նրա իրավունքը: Ճնշումների միջոցով կորզված հարցազրույցը չի կարող հիմք հանդիսանալ նրան երրորդ երկիր տեղափոխելու համար: Դավիթ Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը կրկին վերահաստատում է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, և մտադրված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին դիմել` վերջինիս գրասենյակի ներգրավման դեպքում, Ինջիղուլյանին վերջնականապես հավաստիացնելու, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: ՊՆ-ն նաև հիշեցնում է, որ նախկինում ադրբեջանական գերությունից վերադարձված ՀՀ որևէ քաղաքացի քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Հայկական կողմը գտնում է, որ Հ. Ինջիղուլյանի շուտափույթ վերադարձի հարցով հնարավորինս ակտիվ ներգրավվածությամբ պետք է զբաղվեն միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ինչպես նաև դեմ է նրան երրորդ երկիր տեղափոխելու ցանկացած փորձի՝ այն համարելով անհիմն և ոչ արդարացված:    

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles