Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 18-ին մեծ հանդիսավորությամբ նշվել է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով մատուցվել է Սբ. Պատարագ, հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից: Պատարագիչը Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն է եղել: Սբ. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձել է տոնի խորհրդին և Մարիամ Աստվածածնի առաքինի կերպարին, որը սրբության ու մաքրության, խոնարհության ու հնազանդության լավագույն օրինակն է ընտանիքի, հայ կնոջ և առհասարակ հայ քրիստոնյայի համար: Հավարտ Սբ. Պատարագի` Մայր Տաճարից եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Սբ. Տրդատի Բաց Խորան, ուր, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Խաղողօրհնեքի արարողություն: Սբ. Ներսես Շնորհալի Հայրապետի աղոթքի ընթերցումից և հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խաղողն ու տարվա ողջ բերքը: Արարողության ավարտին Գարեգին Բ-ն հայրապետական իր օրհնությունն է բաշխել ներկա ժողովրդին` մաղթելով, որ Աստված երկնային շնորհներ հեղի ամենքի կյանքից ներս և բերք ու բարիքի առատության մեջ երջանիկ, ապահով ու անվրդովվ կյանք պարգևի: Վերջում միաբան սարկավագներն օրհնված խաղողի ողկույզները բաժանել են ժողովրդին: Հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, մատուցվեց հոգեհանգստյան Սբ. Պատարագ` ննջեցյալ հոգիների խաղաղության ու հանգստության համար: ###
↧