Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցները մտադիր են 10 երթ անցկացնել մայրաքաղաք Կահիրեում: Ինչպես հաղորդում է AFP-ն, երթերը կանցնեն «հանուն արդար և օրինական ընտրությունների» նշանաբանի ներքո: Հատկանշական է, որ ցուցարարները այլևս չեն պատրաստվում պահանջել Մուրսիին վերականգնել նախագահի պաշտոնում: Իր հերթին աշխարհի խոշորագույն իսլամական «Ալ Ազհար» համալսարանի ղեկավար և գլխավոր իմամ Ահմեդ ալ Տայիբը ազգային միասնության կոչ է արել և հայտնել, որ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների հետ պատրաստվում է օգոստոսի 12-ին հանդիպում ունենալ: Իսլամիստների ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ հուլիսի 3-ի ուշ գիշեր Եգիպտոսի բանակը իշխանությունից հեռացրեց երկրի նախագահ Մուհամադ Մուրսիին, ժամանակավորապես առկախեց Սահմանադրության գործողությունը և երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրին հանձնարարեց անցումային շրջանում կատարել պետության ղեկավարի պարտականությունները։ Նախքան այդ երկրում տեղի էին ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ։
↧