Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն օգոստոսի 9-ին Վայոց ձորի մարզում ծանոթացել է պետական տարբեր ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին, հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից: Փոխվարչապետը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախ եղել է Սևան-Մարտունի- Գետափ մայրուղու` Քարագլուխ համայնքի մոտ փլուզված հատվածում, ծանոթացել կատարվող շինարարական աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ մոտ մեկ շաբաթից ճանապարհն արդեն երթևեկելի կլինի նաև բեռնատար մեքենաների համար: Ճանապարհահատվածի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 38 մլն դրամ: Փոխվարչապետն այցելել է նաև մարզի Գետափ, Շատին, Արտաբույնք, Հերմոն համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մինչև սեպտեմբեր կավարտվեն Արտաբույնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, Շատին գյուղում նույն ծրագրով արդեն ավարտվել է համայնքային կենտրոնի շենքի վերակառուցումը, իսկ Գետափում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով նորոգվում է մանկապարտեզի շենքը: Հերմոն համայնքում Արմեն Գևորգյանը ծանոթացել է զբոսաշրջային նոր համալիրի պայմաններին և հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ` մարզ այցելող զբոսաշրջիկներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Քննարկվել են Եղեգիսի կիրճում զբոսաշրջության զարգացման հեռանկարները` հաշվի առնելով, որ տարածքն ու մարզը հարուստ են պատմամշակութային հուշարձաններով: Համայնքներում փոխվարչապետը հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, որոնք հիմնականում բարձրացրել են գազիֆիկացման, միջհամայնքային և ներհամայնքային ճանպարհների բարեկարգման, գյուղմթերքի իրացման, նոր գյուղտեխնիկայի անհրաժեշտության, ինչպես նաև համայնքներում հանրապետական հեռուստաալիքների հեռարձակման հնարավորության հետ կապված հարցեր: Փոխվարչապետը բնակիչներին պարզաբանումներ է տվել նաև նրանց հուզող մի շարք խնդիրների` գազի սակագնի բարձրացման հետ կապված սոցիալապես անապահով խավին կառավարության կողմից օժանդակության, կենսաթոշակային բարեփոխումների, ընտանեկան նպաստի համակարգի, ավանդների փոխհատուցման գործընթացի, կադաստրային փաստաթղթերը ձևակերպելու համար չափագրումների նոր կարգի և այլ հարցերի վերաբերյալ: Եղեգնաձորում փոխվարչապետին զեկուցվել է քաղաքի ճանապարհների բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացված մոտ 60 մլն դրամով արդեն ավարտվել է Մոմիկի փողոցի նորոգումը, պետբյուջեից շուրջ 231 մլն դրամ է հատկացվել Նարեկացի և Սպանդարյան փողոցների բարեկարգման համար: Պատասխանատուները նշեցին, որ Սպանդարյան փողոցի վերանորոգման աշխատանքներն սկսելու համար ոռոգման ենթակառուցվածքների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Արմեն Գևորգյանն առաջարկել է հարցը քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների հետ և համատեղ լուծումներ գտնել: Փոխվարչապետն աշխատանքային այցն ավարտել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ: Քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերի, սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, գյուղմթերքի իրացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
↧