Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բեն Սուլթանի հետ հանդիպմանը չի քննարկել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր, այդ թվում` փոխկապակցված Սիրիայի հարցում Մոսկվայի դիրքորոշման հետ. BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կոնկրետ հարցեր և երկկողմ համագործակցության զարգացման այլ ասպեկտներ չեն քննարկվել: Գործարքներ ևս չի քննարկել Պուտինը: Արքայազն Բանդար բեն Սուլթանը Մոսկվայում կոնտակտներ ուներ, սակայն նախագահի հետ զրույցն ընթացել է սկզբունքային ծրագրով»,- հայտարարել է Ուշակովը` մյուս կողմից հաստատելով, որ տարբեր հարցերից բացի` քննարկվել է նաև երկու երկրների դիրքորոշումը Սիրիայի հարցում: Օգոստոսի 7-ին Reuters-ը գրել էր, թե Սաուդյան Արաբիան Ռուսաստանին երաշխիքներ է առաջարկել էներգետիկ ոլորտում և զենքի առևտրի շահավետ պայմանագրեր` պայմանով, որ Մոսկվան հրաժարվի աջակցել Դամասկոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ավելի ուշ էլ Agence France-Presse-ը գրել էր, թե Ռուսաստանը մերժել է Սիրիայի հարցով Սաուդյան Արաբիայի առաջարկը:
↧