ՌԴ Պետդումայում Կոմունիստական կուսակցության խմբակցությունը պատրաստվում է քննարկման ներկայացնել մի օրինագիծ, որը ԽՍՀՄ նախկին հանրապետություններից միգրանտների համար աշխատանքային վիզաներ է նախատեսում։ Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի քաղաքացիների մասին է։ Բացառություն է նախատեսվում միայն Մաքսային միության անդամ երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի համար։ Մերձբալթյան երկրների, Վրաստանի ու Թուրքմենստանի քաղաքացիների համար արդեն իսկ գործում է վիզային նման ռեժիմ, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը։ «Օրինագծի ընդունումը կնպաստի Ռուսաստանի քաղաքացիների՝ աշխատանքի տեղավորման իրավունքների, ինչպես նաև միգրանտների իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը, կնպաստի ԱՊՀ պետությունների մերձեցմանը Եվրասիական տնտեսական ընկերակցության, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության շրջանակում»,- ասված է օրինագծին կցված բացատրական գրությունում։ Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը (իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցություն) համաձայն է, որ օտարերկրյա աշխատուժի շուկան կարգավորելն անհրաժեշտ է, այդ թվում՝ աշխատանքային վիզաների միջոցով։ «Աշխատանքային միգրացիան այժմ քաոսային վիճակում է։ Այն հարկավոր է օրինական դաշտ բերել։ Վիզաների ներդրումը կբարելավի տնտեսությունում զբաղված գաստարբայտերների հաշվառումը»,- գործակալության հետ զրույցում նշել է խորհրդարանականը։ Լեբեդևի խոսքով՝ աշխատանքային վիզաների ներդրումը հարկավոր է զուգակցել խորհրդային նմուշի անձնագրերով ՌԴ տարածք մուտք գործելու արգելքի հետ։ Մոսկվայի Աշխատանքային միգրանտների արհմիության նախագահ Ռենատ Քարիմովը կարծում է, որ կոմունիստների նախաձեռնությունը նախևառաջ ընտրարշավ է։ Նման վիզաների ներդրման արդյունավետությանը նա չի հավատում։ «Կոմունիստների նախաձեռնությունը հակասում է Ռուսաստանի ղեկավարության՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման խորացման դիրքորոշմանը»,- նշել է Քարիմովը։ Ռուս որոշ փորձագետներ վստահ են, որ աշխատանքային վիզաների ներդրումը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա։ Ռուսաստանի աշխատանքի նախարարությունն իր հերթին առաջարկում է գործատուներին արգելել միգրանտներին աշխատանքի ընդունել՝ առանց կամավոր բժշկական ապահովագրության։
↧